Իմ ուսանողների համար հասարակական կարծիք հասկացողությունը բացատրելիս հետևյալ համեմատությունն եմ թույլ տալիս: Երբևէ դիտարկել եք թե ինչպես են իրենց պահում խորովածի կրակի շուրջ հավաքված հայ տղամարդիկ: Մեկը ասում է, որ պետք է շրջել միսը, մյուսը պնդում է, որ կրակը ուժեղ է, մեկ ուրիշը գիտականորեն հիմնավորում է, որ կրակը հերիք չի և խորովածը անպայման հում կմնա: Բոլորը իրենց հեղինակավոր կարծիքը հայտնում են առարկություն չըտնդունող տոնով և որպես վերջնական ճշմարտություն: Բոլորը մրցության մեջ են իրենց չունեցած գիտելիքները ցուցադրելու հարցում և անպայման ցանկանում են ապացուցել, որ իրենց խորովածային գիտելիքները ամենախորքայինն են: Խորոված անողը եթե ընկնում է հասարակական կարծիքի, այսինքն տվյալ դեպքում իր շուրջը հավաքված մարդկանց խելքին երբեք չի կարող նորմալ խորոված պատրաստել: Այս ազգային առանձնահատկությունը կարելի էր անմեղ ու մի փոքր էլ զվարճալի համարել եթե նույն կանոնը չտարածվեր բոլոր ոլորտների վրա անխտիր: Անլուրջ թեթևությամբ շոշափվում են բժշկական, իրավաբանական, հոգեբանական, ռազմական թեմաներ:


Էքսպերտային կարծիքը լավագույն դեպքում խլացվում է համընդհանուր աղմուկ աղաղակի մեջ, իսկ հաճախ բազմոցային ամենագետները նույնիսկ ծաղրում են մասնագիտական կարծիք արտահայտողին:
Հասարակական կարծիքի մուտացիան արդեն լույսի արագություն է զարգացնում: Դեռ երեկ պերմյակովին ճիվաղ ու հրեշ անվանողներին հերիք էր 10 վայրկյանանոց անձայն վիդեո ցուցադրել, որպեսզի ճվաղ ու հրեշ պրեմյակովը դառնա ՛՛Վայ, էս խեղճ տղեն չէր կարող մարդ սպանել՛՛:


Վստահ եմ սահմանային ցավալի միջադեպերից հետո բազմոցային ամենագետները ՛՛ձեռքի թեթև հպումով՛՛ քրեագետ-հոգեբանից միանգամից վերածվելու են ականավոր զորավարների: Երևի Մակեդոնիայում հիմա այդքան մակեդոնացի չկա որքան հայկական ֆեյսբուքում:


Լսեք, մեր երկիրը խորովածի կրակ չի, որ ամեն մի անցորդ փորձի ինքնահաստատվել դրա շուրջ, գոնե հիմա լռեք, որպեսզի կարողանանք լսել ռազմական փորձագետների ձայնը:

 

 

Նարեկ Մալյան