Անընդհատ շրջապատումս մարդիկ են հայտնվում, որ պարբերաբար բողոքում են Հայ Առաքելական Եկեղեցուց, նրա սպասավորներից, Կաթողիկոսից:


Հիմնական փաստարկներն են.


1. Եկեղեցին ոչինչ չի անում մարդկանց իր կողմը գրավելու համար:


2. Հոգևորականների զգալի մասը եկեղեցի ծառայության է ընդունվում՝ նյութական շահերից ելնելով:


3. Կաթողիկոսը չգիտե, թե ինչ է կատարվւմ թեմերում:


Հիմա ամեն ինչ՝ ըստ հերթականության:


1.
Մեզանից քանի՞սը գիտեն իրենց բնակավայրին, հասցեին ամենամոտը գտնվող եկեղեցու, տաճարի տեղը: Կարծում եմ՝ բոլորս, կամ գոնե մեծամասնությունը: Դավանաբանական, կրոնական, կենցաղային, եկեղեցու գործունեության, մարդկային հարաբերությունների, հոգեբանական կամ այլ թեմաներով մեազնից քանի՞սն են երևբէ մոտեցել հոգևորականին ու խորհուրդ, կարծիք կամ տեղեկություն հայցել: Ես այդպես եմ վարվում պարբերաբար: Ու շնորհակալ եմ մեր հոգևորականներին՝ սպառիչ պատասխանների համար:
Եթե մենք ուզում ենք մեր որևէ բարեկամին տեսակցել, սպասում ենք՝ մինչև ի՞նքը զանգի, թե՞ ցանկության դեպքում վերցնում ենք հեռախոսը, կամ ստեղնաշարը, զանգում կամ հաղորդագրություն ենք գրում: Իհարկե երկրորդ տարբերակը, քանի որ առաջին սկզբունքին հետևելով՝ բոլորս բոլոր տեսակի հարաբերությունները կխզեինք հարազատների, ընկերների,մտերիմների հետ:


Կամ ինչպե՞ս եք պատկերացնում մարդկանց իր կողմը գրավելու՝ եկեղեցու գործողությունները: Աղանդավորների նման՝ դռնեդուռ ընկած հոգեվորսությա՞մբ: Քավ լիցի: Պատեկացրեք, ձեր դուռը թակում են, բացում եք՝ դռան առաջ սքեմով, վեղարով, խաչը ձեռքին հոգևորական է և ասում է՝ «Ի՞նչ եք մտածում Աստծո արքայության մասին», կամ՝ «Առաջարկում եմ ձեզ գնել Աստծուն ճանեչելու ամենակարծ ճանապարհը՝ հոգևոր այս գիրքը»: Պատկերացրեցի՞ք: Փառք Աստծո, տեխնիկան այսօր թույլ է տալիս Եկեղեցուն կապը պահել հավատացյալների հետ: Դրա վառ ապացույցն են Շողակաթ հեռուստաընկերությունը, Վէմ ռադիոկայանը, Մայր Աթոռի կայքը, Ֆեյսբուքյան էջը, Արարատյան հայրապետական և մյուս թեմերի կայքերն ու էջերըև հաղորդակցության մյուս միջոցները:


Հետո՝ գնացեք եկեղեցի և կտեսնեք, որ տարեցտարի ավելանում է պատարագին մասնակցողների թիվը, հոգևորականներն ավելի մեծ դերակատարում են ստանում համայնքային կյանքում: Իսկ դա ինչ է, վա՞տ է, վատ կլինի՞, եթե համայնքներում բարոյական ու մարդկային ճիշտ հարաբերությունները գերակայեն ստորությանն ու դավաճանությանը, միմյանց տակը փորելուն ու երկերեսանիությանը: Ո՞ր հոգևորականը կքարոզի կամ կսատարի համայնքում նման երևույթների ի հայտ գալը:


2.
Պետք է հիշել, որ Հայաստանի թեմերում ծառայող հոգևորականներն աշխատավարձ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ: Նրանց եկամտի աղբյուրը, իսկ հոգևորականները, որքան էլ տարօրինակ հնչի, պետք է սնվեն, ամուսնացյալ քահանաները՝ ընտանիք պահեն, եկեղեցիներում կատարվող ծեսերից, կարգերից և եկեղեցուն կատարվող նվիրատվություններից, ինչպես նաև հոգևոր գրականության ու մոմերի վաճառքից գոյացած միջոցներն են:


Առանձին դեպքեր իհարկե, հանդիպում են, երբ որոշ հոգևորականներ կարգ կամ ծես կատարելու համար նախօրոք են փորձում ճշտել իրենց վճարվելիք գումարը: Այդ դեպքում ձեզ ո՞վ կարող է արգելել նման դեպքի մասին վերադաս հոգևորականին կամ Մայր Աթոռին տեղյակ պահելը: Համոզված եղեք, որ Մայր Աթոռը համապատասխան կերպ կգործի: Եկեղեցում ծառայում են մարդիկ, ովքեր, ինձ և ձեզ նման, կատարյալ չեն:


Ինչու պետք է հոգևորականները բջջային հեռախոս/սմարթֆոն, պլանշետ, համակարգիչ ունենա՞ն: Հարցն արդեն արդիական չէ: Ինչու պետք է մեքենա վարե՞ն: Իսկ ինչու՞ չվարեն, ինչպե՞ս տեղափոխվեն մեկ տեղից մյուսը, գան մեզ մոտ՝ կարգեր և արարողություններ կատարելու:


3.
Քանի՞սն էն Կաթողիկոսին քննադատողներից նրա հետ անմիջական գոնե մեկ անգամ շփվել, հարցրել, թե ինչ է կատարվում որևէ թեմում: Ես մի քանի անգամ անձամբ շփվել եմ Վեհափառի հետ: Եթե նա անձամբ է կատարում բոլոր նշանակումները՝ ըստ թեմերի, ինչ եք կարծում, դա չի՞ նշանակում, որ նա տեղյակ է թեմերի կարիքների և պահանջների մասին:


Այսօր բոլորս, այդ թվում լրատվամիջոցների մեծ մասը, հիանում ենք Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով ու պահվածքով: Իսկ մի քանի շաբաթ առաջ որոշ լրատվամիջոցներ ջանասիրաբար տարածում էին որոշ հոգևորականների՝ նույն Միքայել Սրբազանին և Մայր Աթոռին ուղղված հերյուրանքը: Ի՞նչ փոխվեց:


Շատ բան կա ասելու թեմայի առնչությամբ: Սակայն, այս պահին՝ այսքանը ....


Եվ վերջում՝ Վեհափառի խոսքը:


***
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ
Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ,
Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով:
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար' խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:


Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով' հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:


Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի Տերը արարչական Իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը:


Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն ենք վերառաքում, որ այլևս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը և ապրի խաղաղության ու ապահովության մեջ:


Թող Տերը զորակից լինի մեզ և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ազգս հայոց:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամէն:

 

 

Դավիթ Մուրադյան