Ծործորի վանքը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում (Վասպուրականի Արտազ գավառ)։ Առաջին անգամ հիշատակվում է 1314 թ․։ Եղել է Արտազի թեմի նշանավոր հոգեւոր կենտրոններից մեկը: 14-15-րդ դդ տեղի բնակչությունը հարում է կաթոլիկության։ Զաքարիա եպիսկոպոսը դառնում է հռոմեադավան հայության հոգևոր առաջնորդը: Վերջինիս ու Հովհաննես Երզնկացու ջանքերով վանքում բացվում է բարձրագույն դպրոց։ Ծավալվում է գիտամանկավարժական լայն գործունեություն: Որպես հայ կաթոլիկ համայնքի կենտրոն՝ Ծործորը հարատևում է մինչև 17-րդ դարը: 1680-ական թթ․ Ս.Աստվածածին վանքը դադարում է գործել: 1828 թ, Թուրքմենչայի դաշնագրից հետո, Արտազի շրջանի հայ բնակչության մեծամասնությունը գաղթում է նորաստեղծ Հայկական մարզ և Ծործորը մնում է լքյալ վիճակում:
1987 թվականի սեպտեմբերի 17-ին ահազանգ է ստացվում, որ Ս.Աստվածածին եկեղեցին շրջափակված է, բուլդոզերները փորում են հիմքերի մերձակայքը և ամբարտակ կառուցելու համար պատրաստվում են ժայռաբեկորները պայթեցնել: Իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանի ջանքերով, հնարավոր է լինում ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը։ Իշխանությունները որոշում են կայացնում եկեղեցին տեղափոխել 600 մետր հեռու եւ այն, իր իսկ քարերով, կառուցել մոտակա լեռնալանջին: Տեղափոխման ու վերակառուցման աշխատանքները տևում են 13 տարի:
2000 թ․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառը Վարուժան Առաքելյանին պարգևատրում է«Կիլիկիո Ասպետ» շքանշանով: