Հնագույն ու հարուստ պատմություն ունի Սյունյաց Երնջակ գավառը։ Դարերի ասք ու խոսքին վկա այս գավառի պատմական տարածքն այժմ ընդգրկում է Ջուլֆայի շրջանը, որը տարածված է Արաքս գետի ձախափնյա մասում, հանրահայտ Օձասար բարձրաբերձ լեռան շուրջը, Երնջակ գետի հոսանքն ի վար գտնվող հարթություններում։ Գեղեցկատես Օձասարը, որի հետ կապված են մի շարք ավանդություններ, ունի ծ․մ․ 2360 մ բարձրություն եւ, փաստորեն, գավառի տեղը մատնանշող լեռ է։ Երնջակում կառուցված նույնանուն բերդաքաղաքի հիմնադիրները Սյունյաց նախարարներն են՝ Սյունիները։ Ենթադրվում է, որ բերդում պահվել է Սյունյաց իշխանների գանձերի մի մասը։

 

 


909-ին Հայաստան ներխուժած Ատրպատականի սաջյան ամիրա Յուսուֆի զորքերը, երկրի բազմաթիվ շրջաններն ավերելուց հետո, պաշարել են Երնջակը։ Բերդի պաշտպանները հաջողությամբ կասեցրել են թշնամու գրոհները։ Ապարդյուն են անցել նաեւ Յուսուֆի՝ բերդը դավադրությամբ գրավելու ուղղությամբ թափած ջանքերը։ Նա խաբեությամբ նախ գերել է Սմբատ Ա-ին, ապա փորձել համոզել, որ հայ ռազմիկներին անձնատվության կոչ անի, սակայն հայոց շղթայակապ թագավորը բերդապահ զինվորներին հորդորել է շարունակել դիմադրությունը։ Յուսուֆին մեծ դժվարությամբ հաջողվել է գրավել Երնջակը։ Նա պաշարվածների մի մասին ոչնչացրել է, մյուս մասին, այդ թվում եւ Սյունյաց իշխանների կանանց, գերեվարել ու տարել Դվին։ Սմբատ Ա-ն Յուսուֆի հրամանով սպանվել է․․․

 


2012 թվականի ապրիլի 28-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքում հայտնվել է Երնջակաբերդ (ներկայումս՝ Ադրբեջան, Նախիջեւանի ինքնավար հանրապետության Ջուղայի շրջան) այցելած զբոսաշրջիկների մի տեսագրություն, որտեղ պարզ երևում են ամրոցի մնացորդները: