Ինչպես և սպասվում էր, Գյումրվա ճգնաժամը դառնում է քաղաքական' թե ներքին, թե արտաքին հատկանիշներով ու հետևանքներով:
Մեծ հաշվով կարևոր էլ չէ (թեև' լավ էլ կարևոր է) գործ ունենք գիտակցաբար կազմակերպված քաղաքական սադրանքի, թե քաղաքական ճգնաժամի հանգեցրած պարզ հոգեկան շեղման հետ: Քաղաքական հարթությունում էականը մտադրությունները, փաստերն ու գործողությունները չեն, այլևմիայն' դրանցով պայմանավորված հետևանքները: Ոչ թե խփված թիրախը, այլ' վրա հասած, կամ վերահաս հետևանքները: Ճգնաժամը մարելու կամ անհրաժեշտ հուն ուղղորդելու հնարավորություն ստանալու համար հարկ է նկատի առնել ոչ միայն ընթացիկ ակտիվությունը, բայցև հետևանքները (գործընթացները), որոնք ցանկալի կլիներ ծավալում ստանային, կամ չծավալվեին: Ձեռքբերումի տեսանկյունից հայկական կողմի համար նախօրեն ոչ այնքան լավ, անցանկալի կերպով դասավորվեց: Ընտանիքի հուղարկավորության սգո պատկերի ներքո մենք ունեցանք անկառավարելի գործընթաց-բախում, սրան հետևած վիրավորներով ու ձերբակալվածներով: Բոլոքի ալիքի առաջին հացը կուտ գնաց: Սա սարսափելի չէ, բայց պետք է առաջ շարժվել ավելի սթափ ու սառը գլխով:
2.Եպիսկոպոս Միքայել Աջապահյանը Գյումրիում գործող միակ բարոյական հեղինակությունը դուրս եկավ, իսկ հայկական եկեղեցին' միակ հաստատությունը, որին ժողովուրդը վստահում է: Սա վատ է, քանզի մենք գործ ունենք ոչ թե պարզ հանրային, այլ' քաղաքական խնդրի հետ: Եկեղեցական անհատի քաղաքականապես հասու մնալու հնարավորությունները սահմանափակ են, և նա, վաղ թե ուշ, սխալ թույլ կտա: Վաղուց ճանաչելով ու խորապես հարգելով եպիսկոպոսին, վստահ եմ, որ նա չի վերակերպվի քաղաքական գործչի: Իսկ քաղաքականներից մենք տեսանք առանձին անհատների, բայց ոչ կուսակցությունների: Ես ոչինչ չեմ լսել ասենք' Դաշնակցությունից: Եպիսկոպոսն իրավացի էր իր հարցազրույցում, որ բազմահազար միտինգի ու առավել ագրեսիվ հանրային խմբերի կառավարումն առանձին գիտելիք ու փորձ է պահանջում:Քաղաքական գործիչները չկային, փոխարենն առտես էին սադրիչները, բնականաբար: Կբարեհաճեն արդյոք կայացած, փորձառու կուսակցությունները մաս կազմել ժողովրդական բողոքին, թե' ինքնակազմակերպման զրոյից սկսվող գործընթացների դեմ կառնենք, ինչպես 1987-88թթ, երբ երիտասարդները, կուսակցություններն ու շարժումները ճգնաժամի ծավալման ընթացքում կսկսեն փորձ քաղել, ցույց կտա ժամանակը: Կարծում եմ հենց այս սցենարի ականատեսը կդառնանք:
Նոր ժամանակներ, նոր երիտասարդ ապագա քաղաքական գործիչներ:
3.Ցավակցական խոսքով հանդես են եկել ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանատները, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Մինչդեռ, դաշնակցային կառուցվածքները, Մաքսային միության, ՀԱՊԿ-ի դաշնակից երկրները /Ռուսաստանից բացի/ լռում են: Արդյոք սա անպատրաստ լինելու, արձագանքման եղանակները չիմանալու, շոկի ու ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ գիտակցված քաղաքականության հետևանք է, կտեսնենք դեռ: Միայն թե, նման վարքագծի առաջին հետևանքները խիստ բացասական հետևանքներ են:
4.Ռուսական ԶԼՄ-ների գերեզմանային լռությունը: մի քանի հեռուստաալիքի ձայները եղանակ չեն փոխում, ավելի շուտ' ընդգծում և երանգավորում են պատկերը, որը հնարավոր է միայն համակարգված տեղեկատվական քաղաքականության դեպքում: Այս դեպքում հայկական կողմի համար կարևոր հարց է դառնում, թե որտեղ է տեղակայված համակարգող կենտրոնը: Դա կարող է լինել Կրեմլը /անմիջականորեն Տերն ինքը/, ՌԴ Նախագահի աշխատակազմը, ԱԴԾ-ն, ոմն չբացահայտված կենտրոն, նմանատիպ արշավները խմբավարող և ինքնուրույնությամբ օժտված, ունակ վարելու ինքնուրույն քաղաքականություն, որը կարող է հակասել ռուսական ազգային շահերին:
5.Վերևի կետում շարադրվածը վերաբերում է ոչ միայն տեղեկատվական քաղաքականությանը, այլև քաղաքական գործընթացների մնացած այլ հատկանիշներին, որոնք թափ են առնում Գյումրվա ճգնաժամին զուգընթաց: Մենք իրավունք չունենք Ռուսաստանում քաղաքական որոշումներ կայացնող կենտրոնը դիտարկել որպես մոնոլիտ և փոխկապակցված կառույց: Կարելի է, և պետք է ի հայտ բերել, թե կոնկրետ ով է աշխատում Հայաստանի դեմ և ունենք արդյոք հեռանկարային դաշնակիցներ: Նոր' ոչինչ: Նույն եղանակով մենք գործում էինք արցախյան ճգնաժամի, հետո նաև' պատերազմի ժամանակ: Երկրորդ անգամ, տեսականորեն, պետք է որ հեշտ լինի: Ելնելով զուտ գործնական հետաքրքրություններից, մենք իրավունք չունենք ողջ Ռուսաստանը ներկել Սևով: Պետք է փորձել դաշնակիցներ գտնել:
6. Եզրահանգում. Գյումրվա իրադարձությունները կարելի է դիտարկել որպես մոդել, որը հայ ժողովրդին թույլ է տալիս տեսնել, թե ապագայում Հայաստանի շուրջ ինչպես կդասավորվեն ու կընթանան քաղաքական և տարածաշրջանային ճգնաժամները: Մենք կմնանք միայնակ, առանց որևէ աջակցության որպես դաշնակից ներկայացող երկրների կամ դաշինքների կողմից' լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում' դաշնակիցները կձեռնարկեն քայլեր, որոնք էլ ավելի կվատթարացնեն Հայաստանի դրությունը:
Արևմուտքը կսահմանափակվի բարոյական աջակցությամբ ու կընդունի կրավորական կեցվածք, հետևելով իրավիճակից դուրս գալու մեր ինքնուրույն քայլերին: Սա կոշտ իրականությունն է և պետք է հոգեպես, մտովի ու ֆիզիկապես պատրաստվել սրան:Ցանկացած քիչ թե շատ լուրջ ճգնաժամ Հայաստանի համար կվերաճի գոյապայքարի և մենք կարող ենք հույսներս միայն մեր վրա դնել: Նման իրադրությունում Շոկի ու, առավելևս, Խուճապի համար ժամանակ չի մնում: Սուն Ցզիի լեզվով ասած, Հայաստանը պետք է դիտարկվի որպես «մահվան վայր» և գործի ինչպես չանշանյան օձը...
7.Եթե մենք ստիպված լինենք հրաժարվել Հայաստանում ռուսական ռազմա-քաղաքական ներկայությունից, ռուսական դրոշից, ապա պետք է պատրաստ լինենք սեփականել իր գործառույթները: Այսօրվա դրությամբ նշյալ գործառույթները ոչ միայն և ոչ այնքան ռազմական են, որքան տարածաշրջանային և աշխարհաքաղաքական: Աշխարհաքաղաքական հողի վրա Հայաստանում գործոն է հանդիսանում ռուսական դրոշը, այլ ոչ ռուսական բազայի մարտունակությունը: Որպես ռազմական գործիք ռուսական զինված ուժերը անօգուտ են և Հայաստանը չեն էլ պաշտպանի: Նրանք ներկայացնում և պաշտպանում են ռուսական շահերը: Դա բնական է և ցարդ մեզ բավարարել է: Եթե Ռուսաստանի մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության համակարգը դադարի աշխատել ու ճաք տա, պետք է պատրաստ լինել ստանձնելու լրացուցիչ գործառույթներ ու ծախսեր, եթե ուզում ենք գոյատևել առանձնության մեջ:
8.Նախորդ կետի խնդիրների հաղթահարման ժամանակ ծայրահեղորեն կարևոր է դառնում հայկական բանակի դերն ու կացությունը, հայ-թուրքական սահմանների և բազում այլ խնդիրների դրությունը, որոնք պետք է սկսել լուծել, եթե ուզում ենք Մեծ եղեռնից 100 տարի անց Լինել: Առաջին և բացարձակորեն անհրաժեշտ քայլը պետք է լինի հայկական բանակից «բիզնեսի», բիզնեսմեն գեներալների, գնդապետների վտարումը և արմատախիլ անել վերջին տարիներին նրանց սերմանած հոռի բարքերը:
Որպեսզի տարածաշրջանային պատերազմում Բանակը կարողանա գործադրվել որպես ռազմական գործիք, այլ ոչ ներքաղաքական քաշքշուկների և ազդեցության գոտիների վերադասավորման գործիք, անհրաժեշտ է նրանում առկա «բիզնեսը» ճզմել: Ուսադիրներով գործարարները գործարքներում անձնական շահի հետապնդումը կգերադասեն կռվից:
Նրանց հեռացնել է պետք և սա ոչ այնքան Նախագահի, որքան Գերագույն հրամանատարի լիազորությունն ու առանձնաշնորհն է' հենվելով նախագահական իշխանության միմիայն ուժային ու կամային աստիճանի վրա:
Ծայրահեղորեն բարդ խնդիր է, բայց, ըստ իս, ուրիշ Ելք չկա:
Հրաչյա Արզումանյան
Ստեփանակերտ
16-ը հունվարի,
Սուսաննա Զորանյան