Չգիտես որտեղից ենք վերցրել, որ խելոք ժողովուրդ ենք և կրակն ենք ընկել մեր թվացյալ խելոքության ձեռքը։ Երևի թե սա է պատճառը, որ ամենապարզ հարցերը այնքան ենք խճճում եթե-ների ու ապա-ների բախտագուշակության խառնարանում, որ գլուխներս կորցնում եւ հնարավոր ճանապարհներից ընտրում ենք վատագույնը։
Ապշելու բան է, որ վերջին երկու տարիների փորձը եւս մեզ դարձի չբերեց։ Առ Ռուսաստան հավատի շարժումն իր կորագծով բերում է եւ չէր կարող չբերել «Հավերժ Ռուսաստանի հետ» հին կարգախոսին։ Այսպես է եղել եւ կլինի միշտ, եթե ժողովուրդը ոտքի է կանգնում եւ ցանկանում է իր հարցերը լուծել ուրիշի միջոցով։ Քանի որ այղ ուրիշին հետաքրքրում է քեզ հուսադրել, ապա հուսախաբության մատնելով՝ ավելի ամուր կապել իր սայլանիվին։
Եվ բնավ պատահական չէ, որ գնալով մեզանում համախմբվում և ուժեղանում են կողմնորոշման ջատագովները։ Այժմ էլ սրանք հին երգը նորովի են հնչեցնում. «Առանց Ռուսաստանի մենք Ղարաբաղը կկորցնենք»։ Կրկին «մոռացան», որ Ղարաբաղը Ռուսաստանն է տվել Ադրբեջանին և մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ չենք սթափվել։ Զարմանալի է չէ՞, երկու տարի է Ռուսաստանն ասում է՝ ձեռք քաշեք ինձնից, ես հարց լուծողը չեմ, մենք համառորեն պնդում ենք, որ վաղ թե ուշ լուծելու է։ Նա չի լուծելու, մենք ենք լուծելու։ Ուրեմն, կյանքն ասում է մի բան, իսկ մերոնք կաշվից դուրս են գալիս՝ ապացուցելու անապացուցելին։ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԹԵ ԷԼ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՐՎԵՐ ՈՒ ԱՐՎԻ ՄԵՐ ԳԼԽԻՆ, ՈՐ ՈՒՇՔԻ ԳԱՆՔ։
Ստացվում է, որ ինչքան քեզ հարվածում են, այնքան ուժեղ ես դու փարվում նրան։ Շատ լավ գործում է հետադարձ կապի օրենքը։
Նույնիսկ անկիրթ գլադիատորները վերջապես հասկանում էին արյան խրախճանքի սպասող տիրոջ նպատակը և անում էին որոշակի եզրակացություն։ Ցավալին այն է, որ մեր շարժման փորձից շատերը դասեր քաղեցին, բացի մեզանից։ Մենք դեռ իներցիայի ուժով շարունակում ենք փոթորկել։ Տիրոջից նեղացածի կեցվածք ընդունած հայհոյում ու քաղաքական գնահատական ենք պահանջում։ Արձանագրում ու վերլուծում, զայրանում ու զարմանում է հայ ռոմանտիկ մտավորականությունը։ Ինչի վրա է զայրանում եւ ումից ինչ է պահանջում, չես հասկանում։ Եվ պատահական չէ, որ գնալով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը սերտաճեց կայսրության շահերի պաշտպանության հետ։ Նախիջևանի սահմանը քանդել են․․․ Շատ էլ լավ են արել, քեզ ի՞նչ։ Մոռացե՞լ ես, որ Նախիջևանը Մոսկվան է քեզնից վերցրել ու տվել Ադրբեջանին։ Քո ի՞նչ գործն է, սահմանը տեր ունի։ Ինչ ես ցանկանում դրանով ասել կամ ապացուցել, որ դու հարևանիցդ լավն ե՞ս։ Չես հասկանում, որ ծիծաղում են քեզ վրա, քո մոլորության ու «պետական մտածելակերպի» վրա։ Ուզում ես ասել, որ դու լավ ստրուկ ես։ Դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև տերը լավ գիտի իր ստրուկների հատկանիշները։
Լավ գիտի և օգտագործելով արհամարհում է ստրուկի այն տեսակին, որը ոչ միայն ազատության չի ձգտում, այլև իր համար արհեստական դժվարություններ ստեղծելով, ավելի ամուր է փարվում իր հովանավորին։
Եվ բնավ զարմանալի չէ, որպեսզի սերն առ Ռուսաստան ժողովրդի աչքում չխամրի, զգացմունքային նոր ալիք են առաջացնում, այս անգամ արդեն պահանջատիրության լայն ծրագրով։ Իբր, Ղարաբաղի խնդիրը լուծեցին, հիմա էլ անցնում են լայնամասշտաբ գործողությունների։ Նպատակը պարզից էլ պարզ է։ Հեռանկարի գայթակղությամբ և միասնության կոչերով ամրացնել կողմնորոշման գաղափարը։ Չէ որ հայոց պահանջատիրությունն ունի դարերի փորձություն և հզորների հովանավորության անհրաժեշտություն։ Ամեն հնար գործ է դրվում, որ իրենց ձեռքով սեփական ժողովրդի մեկ անհայտով հավասարում դարձած պատմությունը հանկարծ փոփոխության չենթարկվի։
Բնավ փույթ չէ այն հանգամանքը, որ անուժ պահանջատիրությունը մեր ժողովրդին ոչինչ չի տվել և չի տա։ Այսինքն տվել է, բայց միայն կորուստ, զրկանք ու տանջանք։ Այս ամենը նրանց բնավ չի հետաքրքրում։ Կարևորը, որ մենք ազգովին մեկտեղվենք Ռուսաստանի շուրջ։ Առավոտից իրիկուն ինֆորմացիայի միջոցները և հատկապես հեռուստատեսությունը ջարդ ու ավեր են ցույց տալիս։ Հոգեբանական այս գրոհը ժողովրդին հեռացնում Է այսօրվա չլուծված հարցերից և նրա դալուկ հայացքն ուղղում Է դեպի Ավետյաց երկիր։ Երեկվա հարստահարողը, ազգի հերն անիծողը, նրա բարոյական նկարագիրը խաթարողն անգամ այսօր հայտարարում է.
— Հայ չե՞նք, բերեք միավորվենք ընդհանուր վտանգի դեմ։
Եվ սրանք բոլորը ընդհանուր շահերի կոչով ու հրամայականով մեկտեղվել և համախմբվել են։ Փաստորեն ասում են այն, ինչ ասել են 70 տարի։ Ավելի ճիշտ ասելաձևն են փոխել, իսկ բովանդակությունը նույնն է։ Ժողովուրդն էլ նայում ու հիանում է իր հարկահանների
«վերակառուցման» թափով․․․
Այնպես եռանդով են խառնում խաղաքարտերը, որ ժողովուրդը դժվարանա թացը չորից տարբերել։ Մեզ անհրաժեշտ է կտրուկ շրջադարձ կատարել այդ ճանապարհից, որը միշտ էլ փակուղի է տարել և կտանի։ Անհրաժեշտ է ձեռք քաշել երազատեսությունից և լուծել այսօրվա հրատապ և ժողովրդին հուզող հարցերը և հող նախապատրաստել ազգային պետություն ստեղծելու համար․․․
Հարևան երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը մեզ այսօր անհրաժեշտ է օդ ու ջրի պես։ Ով չի հասկանում այս պարզ ճշմարտությունը և խաղում է ժողովրդի զգացմունքների հետ, նա խեղված ու հաշմանդամ է հոգով։ Մեր այսօրվա կողմնորոշումը պետք է լինի դեպի ազգային գաղափարախոսություն ու պետականություն։ Այս առանցքի շուրջը պտտվելով է, որ մեր ժողովուրդը կվերականգնի իր եղծված բարոյականությունն ու աշխատասիրությունը։
70 տարի մեր գաղափարախոսներն ասում ու կրկնում էին, որ հայ ժողովրդի լավագույն զավակներն իրենց հույսը կապում էին դեմոկրատական Ռուսաստանի հետ, որը եկավ 1917 թ.։ 70 տարի նրանք գովերգեցին այդ Ռուսաստանը, իսկ այժմ էլ ասում են, որ դեռ պետք է սպասել դեմոկրատական Ռուսաստանին։ Դեմոկրատական Ռուսաստան ասելով ես հասկանում եմ, որ նա առաջին հերթին պետք է ձեռք քաշի կայսրությունից։
Համաշխարհային պատմության մեջ երբևիցե տեսնվե՞լ է դեմոկրատական կայսրություն։ Չի եղել և չի կարող լինել։ Իսկ մեր ռուսասեր տղերքն ասում են, որ հնարավոր է անհամատեղելին համատեղել։ Նրանք մոռանում են, որ իրենց ասածը հենց իրենց դեմ է։ Եվ ահա թե ինչու։ Եթե Ռուսաստանը դեմոկրատանա, նա պետք է ձեռք քաշի կայսրությունից, որովհետև այդ է պահանջում հենց ռուս ժողովրդի շահը։ Ուրեմն, եթե գա այդ օրը, Ռուսաստանը պետք է հեռանա։ Եթե այդ օրը եկավ, նրանք ի՞նչ են անելու։ Պարզ է՝ լաց են լինելու, բողոքելու են, ռուս ժողովրդին բացատրելու են, որ նա իր շահը չի հասկանում, չգիտի որ հայերը կիսով չափ ռուս են, և իզուր են հեռանում։ Չնայած այս ամենին, ռուսները հեռանալու են։ Հեռանալու են, որովհետև այդ քայլով իրենց ազատելու են բռնացողի կապանքներից և սկսելու են նվիրվել իրենց երկրի զարգացմանը․․․
Իսկապես, անհրաժեշտ է այդ մասին այսօրվանից մտածել, քանի դեռ մտածելու ժամանակ կա։ Թուրքին հայհոյելն այսօր ամենահեշտ բանն է, որովհետև դու պետականություն չունես և նա քեզ բանի տեղ չի դնում։ Իսկ վաղը․․․ Պարզ է, նա չի ուզում, որ այդ վաղը գա և իրեն զրկի «հաճույքից», բայց մեկ է, այդ օրը գալու է։ Ինձ համար դա կարևոր է այն առումով, որ անազատ մարդը միշտ էլ տեր ու հովանավոր է փնտրելու և նրա համար բնավ կարևոր չէ՝ ով է այդ հովանավորը։ Այսօր Ռուսաստանն է այստեղ, նրանք ասում են՝ «Հավերժ Ռուսաստանի հետ»։ Երբ Ռուսաստանը հեռանա այստեղից, այդ նույն մարդիկ կրկին կոչ են անելու «շրջահայացության» և նոր օրիենտացիա են որդեգրելու։ Այս անգամ նրանք ընկնելու են Թուրքիայի գիրկը։ Այլապես ինչո՞ւ են նրանք հիստերիայի մեջ ընկել և ընթերցողին համոզում են, որ իբր հանրապետությունում ուժեր կան, որոնք ուզում են օրիենտացիան փոխել։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԽՈՍՔԸ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ ՁԵՌՔ ՔԱՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ Է, ՈՉ ԹԵ ՓՈԽԵԼՈՒ։ Այս պարզից էլ պարզ միտքը գլխիվայր շուռ են տալիս, որովհետև չեն պատկերացնում, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ իր ճակատագրի տերը։ Եթե ասում են ռուսական օրիենտացիայից հարկավոր է ձեռք քաշել, նրանց համար դա նշանակում է թուրքական օրիենտացիա որդեգրել։ Սթափ մտածող մարդու համար սա անհեթեթություն է, որովհետև, եթե պետք է մի տիրոջը փոխես մյուսով, ապա դրա անհրաժեշտությունը չկա։ Պատմության մեջ մի անգամ այդպես վարվելու համար մենք չարաչար պատժվել ենք։ Հակառակ քայլն անելը նույնքան անհեթեթ ու կորստաբեր կլինի։ ՈՒՐԵՄՆ, ԽՈՍՔԸ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՊՐԵԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ԱՐՎԵՍՏԸ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՄԵՋ Է։
Սրան է, որ մենք պետք է ձգտենք։
ԷՍՊԵՍ ԷԼ ԲԱՆ ԿԼԻՆԻ․․․ ՈՐՏԵՂ Է ՏԵՍՆՎԱԾ, ՈՐ ՄԱՐԴ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԳՏՆԻ, ՈՐՊԵՍԶԻ ԱՊԱՑՈՒՑԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ։
Կարծեք թե, պարզից էլ պարզ է, որ ամեն մարդ ինքն է լուծում իր հարցերը, հակառակ ճանապարհով գնացողները միշտ էլ հայտնվում են մուրացիկի վիճակում։