XVI դարում ռումինական մատինագրության մեջ հիշատակվում է Իոն-չել Քումփլիթը, նույն ինքը՝ Հովհաննես Ահարկու վոյեվոդը (Անգութ, Քաջ), որը երկիրը կառավարել է երեք տարի՝ 1572-1574 թթ․։ Ռումինիայում նա հայտնի էր Իոն Արմեանուլ (Հովհաննես Հայ) մականունով։ Ահարկու մականունն ստացել է այն պատճառով, որ չէր խնայում այն ըմբոստ բոյարներին, ովքեր փորձում էին խանգարել իր հակաթուրքական պայքարի ձեռնարկումները։ Ռումին պատմիչները բացառիկ գովեստով են խոսում Հովհաննեսի մասին։ Նրա զորքը օսմանյան բանակի դեմ կռվում էր արտակարգ հերոսությամբ։ Կռիվներից մեկի ժամանակ թուրքերին հաջողվում է գերել վիրավոր հայորդուն։

 

Սելիմ Բ-ն ցանկանում է անձամբ հանդիպել ռումին ժողովրդի հերոս առաջնորդի հետ, սակայն Հովհաննեսը պատասխանում է, որ նրա հետ խոսելու բան չունի եւ սուլթանի դեմքը կցանկանար տեսնել միայն մարտի դաշտում։ Հայորդուն դաժանաբար խոշտանգում են․ նախ գլխատում են, ապա մարմինը կտոր-կտոր են անում։ Հովհաննեսին հաջորդում են երեք եղբայրները՝ նախ Վալախիայի վոյեվոդ է դառնում Կարապետը, ապա Կոստանդինը եւ Ալեքսանդրը։ Ալեքսանդրին էլ հաջորդում է որդին՝ Պետրոսը (1582-1591 թթ․)։

 

 

Պետրոսի մահից կարճ ժամանակ անց մոլդովական գահին նստում են եւս երկու հայ վոյեվոդներ՝ Գասպարը եւ Ահարոնը։ Հայերի դերն անչափ մեծ էր նաեւ երկրի տնտեսական կյանքում։ Ռումին պատմաբան, հայագետ ՆԻԿՈԼԱԵ ՅՈՐԳԱՆ գրում է․ «Մոլդովայի իշխանությունը կայացավ առեւտրի ճանապարհով եւ նրանք, ովքեր առեւտրով էին զբաղվում, մասնակցեցին Մոլդովայի ազգային պետության ստեղծմանը: Այնպես որ, հայերին այդ տեսակետից կարելի է համարել Մոլդովայի ծնողներ»:

Նկարում՝
Հովհաննես Հայը