Մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս խնդիրն այն է, որ մենք ավելի շատ քաղաքական ակտիվություն ենք ցուցաբերում, քան քաղաքացիական:
Մինչդեռ քաղաքացիական ակտիվությունն է մեր մեջ արթնացնում քաղաքացուն և դիմացինին ցույց տալիս, որ նրա առջև քաղաքացի է կանգնած: Ի վերջո, պետության ներսում քաղաքական հարաբերություններն էլ են հիմնված քաղաքացիության ինստիտուտի և քաղաքացու կերպարի վրա, այդ իսկ պատճառով քաղաքացիական ակտիվությունն ավելի կարևոր է, քան քաղաքականը (գոնե մեզ համար այս պահին):
Ես չեմ հասկանում այն մարդուն, ով մասնակցում է քաղաքական հանրահավաքներին, երթերին և խոսում/երազում արդարության մասին, բայց երբ նրան խաբում են շուկայում, խանութում՝ ձայն չի հանում: Արդյո՞ք նա չի հասկանում, որ դրանով զրոյացնում է հանրահավաքին ու երթին իր ներկայությունը, քանի որ այդ մասնակցությունը ոչ մի հետևանք կամ շարունակություն չի ունենում նրա հասարակական կյանքում:
Մենք պետք է ավելի շատ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերենք, քան քաղաքական: Առանց քաղաքացիական դիրքորոշման քաղաքական ակտիվությունը վերածվում է զուտ կուսակցական և իշխանական-ընդդիմադիր գործունեության, ոչ ավելի: Իսկ դա քիչ է, որպեսզի քաղաքական համակարգը հասարակական էֆեկտ ունենա:
Մենք մեռցնում ենք մեր մեջ քաղաքացուն, բայց ուզում ենք, որ քաղաքականություն լինի. այդպես չի լինում, որովհետև քաղաքանության հասցեատերը հայը չէ, քրիստոնյան չէ, այլ՝ Հայաստանի հանրապետության քաղաքացին, ում մենք ամեն օր մեր իսկ ապրելակերպով մեռցնում ենք: Դրա հետևանքով էլ ունենք անհասցե քաղաքականություն. ո՛չ պետական քաղաքականությունն է իր հասցեատիրոջը գտնում, ո՛չ ընդդիմադիր ուժերի քաղաքականությունը: Մինչդեռ իրականում դա նույն մարդն է, նույն քաղաքացին՝ ես, դու, նա:
Մովսես Դեմիրճյան