Ես ինքս իմ մտավոր կարողությունների սահմաններում և քիչ թե շատ հայտնի տեղեկատվության առկայությամբ առ այսօր չեմ կարողացել հասկանալ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանին պետք է թե ոչ։ Մեր իշխանությունն էլ գաղտնիությունը վկայակոչելով հա խուսափում է այս հարցին ուղիղ պատասխան տալուց։ Առանց այս հարցի մանրակրկիտ և հիմնավորված պատասխանի մենք Գյումրվա գիշերային սպանդը բացի սհմռկեցուցիչ հանցանքից այլ որակումով չենք կարող բնորոշել։
Տեղի ունեցած սարսափելի դեպքը պետք է արժանանա լուրջ քննության ոչ միայն հանցագործին պատժելու այլ նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների տեսանկյունից։


Այդ հանգամանքներից ամենագլխավորը ռուսական ռազմաբազայի գոյության հարցն է Հայաստանի տարածքում։ Ես ինքս տարիներ շարունակ գրել եմ որ պետք է վերջապես պարզել ու հասկանալ այդ ռազմաբազայի կարիքը մենք ունե՞նք թե ոչ։ Մեր երկրի իշխանությունը պետական մակարդակով ժողովրդին պետք է ասի այդ բազան մեր ցանկությամբ ու խնդրանքով է Գյումրիում նստած թե՞ Ռուսաստանի պարտադրանքով։


Նախքան հակառուսական լոզունգներով մեյդան մտնելը եկեք փորձենք մեր իշխանությունից ստանալ մեզ հետաքրքրող կարևորագույն այս հարցերի պատասխանները։


Եթե պարզվի ու այդ ռազմաբազան մեզ համար հաց ու ջրի նման անհրաժեշտ բան է պիտի ուրեմն ատամներս կրճտացնենք, ցավով համարենք որ այս սպանություններն էլ այն գինն է որ վճարում ենք այս հաց ու ջրի պես մեզ անհրաժեշտ գործի համար։ Մեծ գործեր են և ուրեմն մեծ զոհերը անխուսափելի կլինեն։
Իսկ եթե պարզվի ու այդ ռազմաբազան ուղղակի օկուպացիոն զորքեր են և այստեղ են գտնվում Ռուսաստանի պարտադրանքով պետք է հարց բարձրացնել այդ բազան լիկվիդացնելու համար որովհետև մեզ ոչ պետքական և ոչ էլ օգտակար այդ ռազմաբազան ուղղակի փորձանքի խիստ վտանգավոր աղբյուր է մեր երկրում։

 

 

Համլետ Աբրահամյան