Հետազոտող հնագետները ներկայիս Թուրքիայի տարածքում հայտնաբերված ոսկրերն անվանել են Արսինոե 4-րդ, բայց առայժմ չեն կարողանում վերջնականապես հաստատել՝ արդյո՞ք դրանք Կլեոպատրա թագուհու քրոջ ոսկրերն են, թե՞ ոչ. SoftPedia առցանց լրատվականին վկայակոչելով, գրում է թուրքական HDN անգլալեզու թերթը։
Համարվում է, որ Արսինոե 4-րդին Ք.Ա. 41թ. Եփեսոսի Արտեմիսի տաճարում սպանել են Կլեոպատրան և Մարկ Անտոնիոսը։ (Հունական Եփեսոս քաղաքն այժմ Թուրքիայի Էգեյան շրջանում է)։
Դամբանավայրի պեղումներն անցկացրել են Վիեննայից հնագետ Հիլկե Թուրը և նրա ղեկավարած արշավախումբը։
Թուրի փոխանցմամբ, դեռևս 1926 թվականին է բացվել դամբանավայրը, հայտնաբերված գանգն ուղարկվել է փորձաքննության, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն անհետացել է Գերմանիայում։ Բայց պահպանվել են գանգի լուսանկարներն ու այն հետազոտած մասնագետի գրությունները։
1985թ. Հիլկե Թուրը պեղել է կմախքի մնացած մասը, հետազոտության ուղարկել։ Պարզվել է, որ դրանք 20-15 տարեկան, իսկ որ ամենահավանականն է՝ 16 տարեկան աղջկա ոսկրեր են։ Նրա կարծիքով, այս հուշարձան-դամբանավայրում արքայական ընտանիք է հանգչում, քանի որ կառույցը շատ նման է Ալեքսանդրիայի Փարոսին։
Ոսկրերը մոտ 2 հազար տարեկան են, ուստի ԴՆԹ-ի հետազոտությունը բավական անորոշ եզրակացություն է տվել։ Այժմ փորձաքննության այլընտրանքային մեթոդների կիրառմանն են ուզում դիմել, չնայած հույսերը մեծ չեն։
Կից նյութն՝ այստեղ: