Ամանորից մեկ օր առաջ ուզում եմ պատմել թևավորների մասին:


Մարդիկ վաղուց էին նկատել, որ թռչունները երամներով լքում են Աֆրիկայի տաք ու բարեբեր եզերքները և չվում դեպի հյուսիս' այնտեղ, որտեղ ոչինչ չկա, բացի համատարած ձյուներից: Ասում են, որ թռչուններն այնտեղ են գնում' հագեցնելու իրենց ծարավը: Ասում են նաև, թե մի բուռ հալած ձյունը թռչունների սրտում սիրո ցանկություն է արթնացնում:


Ես չէի ցանկանա այս գեղեցիկ պատկերը «աղավաղել» գիտնականների այն պնդումներով, որ ստրուկտուրացված ձյունը' փոխելով ֆերմենտների կենսաբանական մոլեկուլների ակտիվությունը' նպաստում է բազմացման պրոցեսին: Սա թողնենք իրենց' մասնագետներին, իսկ մենք վերադառնանք սիրո հեղուկին:


Նոր տարի է գալիս: Եվ կգա նաև ձյունը: Ուրեմն դուրս եկեք, ձյուներից վերցրեք ձեր բաժին սիրո ջուրը, քանի դեռ փաթիլները չեն հալել ու չքացել: Ու թող չլինի մեկը, ում ծարավն անհագ կմնա: Ամենքի համար միշտ էլ կգտնվի մի բուռ սեր:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐ

 

 

Հովիկ Չարխչյան