Հորդանանի իշխանությունները դիմել են պաշտոնական Անկարային՝ հայցելով վերջինի աջակցությունը՝ անցյալ շաբաթ Սիրիայի հյուսիսում՝ Ռակկայում, ԻՊ-ի զինյալների կողմից գերի վերցված հորդանանցի օդաչուին ազատելու հարցում. այդ նպատակով Հորդանանի կառավարությունը դիմել է Ամմանում ԹՀ դեսպանատուն:


Ասում են՝ Թուրքիայի ԱԳՆ-ը, հետախուզությունը և այլ իրավասու ստորաբաժանումներ անմիջապես ձեռնամուխ են եղել միջադեպի մանրամասների ուսումնասիրության գործին:


Պետք է հիշեցնել, որ Թուրքիան այն եզակի պետությունն է, որը ԻՊ-ի հետ ակնհայտ կամ ստվերային կերպով հարաբերվելու, բանակցելու հաջողված փորձ ունի. այդ մասին են վկայում իսլամականների թուրքանպաստ գործողությունները ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող կամ նրա կողմից թիրախավորված տարածքներում: Այս համատեքստում, վառ օրինակ է, ասենք, սեպտեմբերի 21-ին Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու և հուշահամալիրի պայթեցման գործողությունը, Սիրիայի հյուսիսում՝ ԻՊ-ի թիրախավորած շրջաններց մեկում, Թուրքական տարածք հանդիսացող «Սուլեյման շահի» դամբարանի դեմ իսլամականների կողմից որևէ գործողություն իրականացնելու հարցում ձեռնպահ մնալու հանգամանքը, դարձյալ Արաբական Հանրապետության հյուսիսում քրդական փաստացի ինքնավար շրջանների դեմ պարբերաբար սանձազերծվող հարձակումները և այլն:


Իսկ Թուրքիա-ԻՊ ուղղակի բանակցությունների արդյունք է իսլամականների կողմից Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը հանդիսացող Մոսուլում թուրքական հյուպատոսության 49 աշխատակիցներին սեպտեմբերի 20-ին 101–օրյա պատանդությունից ազատելու իրողությունը:


Նման իրավիճակում մնում է հուսալ, որ այս դեպքում ևս թուրքական միջնորդության պտուղները դրական կլինեն, և հորդանանցի 26-ամյա օդաչուն կփրկվի իսլամականների դաժան հաշվեհարդարից:

 

 

Արմեն Պետրոսյան