Էսօր ծնվել է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի մասին լուրերով ողողված է տեղական մամուլը. նման «ողողումները» ամենաանհեթեթ բաներից են, որ պատահում են մեր մամուլի հետ: Ասելով միայն, որ Տեր-Պետրոսյանը անթերագնահատելի արևելագետ է՝ ուզում եմ անցում կատարել մեկ այլ՝ գուցե ավելի ոչ միանշանակ գնահատանքի արժանացած հայի՝ գրառման հերոսին՝ Սերգեյ Փարաջանովին: Փարաջանովն այսօր կդառնար 89 տարեկան:
Ի դեպ, նրան վերաբերող շահարկումները ևս շատ անհեթեթ են տեղական մամուլում…
լուսանկարը՝ Յուրի Մեչիտով (Փրաջանովի ամենահետաքրքիր ֆոտոներից)
Բայց Փարաջանովը մենակ էդ օրինաչափության «զոհը» չի: Անցած տարին մի հետաքրքիր միտում դրսևորեց. թերևս ամենաանըմբռնելի, հակասական և անշուշտ մեծագույն մի քանի հայեր՝ կինոհերոսներ դարձան. Չարենցը, Նժդեհը, Փարաջանովը… (էդ ամենին առանձին կանդրադառնամ «Անմոռանալի 2012-ը» շարքով):
Բայց Փարաջանովը էլի տարբերվում է էս շարքից. ինձ միշտ թվացել է, որ նա էն հայերից է, որոնց հայաֆիկացրել են՝ արդեն հետ մահու. իրականում Փարաջանովի կինոն երբեք էլ հայկական կինոյին չի վերաբերել: Ինքը Փարաջանովն էլ չափազանց վերհայկական երևույթ է… մոտավորապես նաև՝ նույնձ ձևով Չարենցը, Նժդեհը…
Առհասարակ Փարաջանովին միշտ համարել եմ նաև վերկինեմատոգրաֆիկ երևույթ, այն իմաստով, որ ինձ համար երբեք էլ ռեժիսոր չի եղել: Դեռ փոքրուց նրան ընկալել եմ մի «մասնագիտության» ներկայացուցիչ, որին ամենամոտը լուսանկարիչն է: Զարմանալիորեն ինքը՝ Փարաջանովը՝ շատ ավելի հետաքրքիր գուցե, քան իր թողած ժառանգությունը, շատ բան է ասում իր լուսանկարներով, ավելի շատ՝ լուսանկար-կոլաժներով:
Ընդհանրապես մարդկանց մի կատեգորիա կա, որի ներկայացուցիչները անկրկնելի են լուսանկարչական դիմանկարի, ընդ որում՝ սեփական դիմանկարի ժանրում. և նարցիսիզմի հետ այս երևույթը միայն ամենադրական կապերն ունի: Բառեր չեմ գտնում: Փարաջանովի մասին արտահայտվելիս բառերը իրոք ավելորդ են թվում. երևի պերսոնաժների չափազանց պատկերային լինելուց է: Փարաջանովի սցենարները կարդում ես, ստացած պատկերաշարերը նայում, սցենարները կարդում, ստացած պատկերաշարերը նայում (լրիվ իրարից տարբեր), ու հասկանում, որ իրոք մի ուրիշ բացառիկ երևույթի հետ գործ ունես՝ ավելի մոգական, ավելի անբացատրելի քան բանը: Մի տեսակ կատարյալ պատկերի հետ կարծես գոյություն ունենաս, որը մինչև վերջ չես ուզում տեսնես մի տեսակ, առավել ևս չես ուզում ձեռք տված, դիպած լինես, բայց անպայման ձգտում ես հաղորդակցվելու ու հնարավորինս փորձում ես երկարաձգել հաղորդակցության էդ միստերիան. այ Փարաջանովը էդ կարգի մեկն է եղել՝ մեծություն, որին պետք չի ավելորդ անգամ «ձեռք տալ», շահարկել…
Հույս ունեմ, շատ հույս ունեմ, որ էդ երևույթը իր որոշ կողմերով գոնե կտեսնենք նաև այս տարի՝ «Գեղեցկության սիրեկանը» աշխատանքային վերնագրով ֆիլմի դուրս գալով, որը թերևս պետք է սպասել էս տարի: Անցած տարի էդ ֆիլմի մասին հարցազրույց (ինտերվյուն՝ էստեղ) արեցի հենց Ավետիքյանի հետ: Հետո ֆիլմի պրոդյուսերին տեսա, հարցրեցի՝ ասաց, որ նկարահանումներն ավարտել են արդեն: Դա ամառն էր:
Էդ ֆիլմի՝ նախաձեռնության առիթով շատ քննադատություն հնչեց՝ դեռ չսկսած. իբր Ավետիքյանը ո՞ւր, Փարաջանովը՝ ո՞ւր: Դե, հա, դա ճշմարտություն է, բայց վստահ եմ, որ Ավետիքյանը փարաջանովանալու հավակնություն չունի, նախևառաջ որովհետև ինքը փայլուն գիտակցում է ասվածը: Բայց մյուս կողմից (ինչը ինձ համար արժեքավոր է դարձնում էդ աշխատանքը) Փարաջանովը հետարքիր շփումներ է ունեցել վարպետի հետ և «ֆալշ» թույլ չպիտի տա երևի. ավելի պարզունակ, ինքն ասաց, որ չի պատրաստվում 20 կգ գիրանա, լրիվ Փարաջանովին նմանվելու համար…
Բայց ավելի հետաքրքիր մի դրվագի ականատես էի եղել, ինչը ինձ ավելի շատ հույս է տալիս էդ աշխատանքի բերումով. Փարաջանովի տուն-թանգարանում Ավետիքյանը նկատեց, որ մի բան այն չէ (էս պահին չեմ ուզում նշել, թե կոնկրետ ինչը). նա բոլորի մոտ ասաց, որ նման բան՝ որ հիմա ներկայացվում է իբրև Փարաջանովի հղացում, իրականում Փարաջանովի հետ ոչ մի կապ չունի…
Ինչ վերաբերում է «20 կիլոգրամանոց նմանությանը» (էդպես եկեք անվանենք), ապա «Գեղեցկության սիրեկանի» նկարահանման հրապարակից ստացված լուսանկարները թույլ են տալիս ենթադրություններ անել՝ մոտավորապես ինչ սպասել: Ինչո՞ւ չէ, զուգահեռներով՝ Սերժ – Սերգեյ, Սերժ- Սերգեյ, Սերգեյ-Սերժ…
Խոստովանում եմ, որ «վիզուալ զուգահեռները» մի քիչ ուրիշ զգացողություններ են բերում: Երևի ավելի պետք է ասոցիացիաների հետամուտ լինել, քան զուգահեռներ անցկացնելուն:
Բայց վերնագիրը, վերնագիրը՝ «Գեղեցկության սիրեկանը», անեմաընտիրներից է թվում, որ բնորոշում է Փարաջանովին, էությունը:
Գեղեցկության սիրեկանի ծննդի օրն էլ պիտի որ հոյակապ օր լինի, եթե ոչ ամենահոյակապը: Շնորհավոր տարեդարձ:
Դավիթ Վարդազարյան