Նա Մեծ Հայքում գահակալել է երկու անգամ։ 385-ին պարսիկները Խոսրով Արշակունու գլխավորությամբ ներխուժում են Հայաստան։ Արշակ Գ-ն, ի զորու չլինելով դիմակայել Խոսրովի գլխավորած պարսից ուժերին, քաշվում է Հայաստանի արեւմտյան գավառները, որտեղ էլ երկուսուկես տարի անց մահանում է։ 387-ին Հայաստանը բաժանվում է Հռոմի ու Սասանյանների միջեւ։ Շապուհ Գ-ն, Հայաստանի արեւելյան մասում, Հայոց գահին հաստատում է պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին։ Խոսրովը, սակայն, պարսիկներին հպատակվելու փոխարեն՝ շուտով բանակցություններ է սկսում Թեոդոսիոս Ա-ի հետ՝ Հայաստանի արեւմտյան մասում իշխելու դիմաց խոստանալով հարկ վճարել Հռոմի կայսրին։

 

 

Առանց սասանյանների հետ համաձայնեցնելու նա հայոց հայրապետ է նշանակում Սահակ Պարթեւին եւ ամեն ինչ անում երկրի վերամիավորման համար։ Հայոց պետականությունը վերականգնելու ամբաստանությամբ էլ պարսիկները նրան ձերբակալում են, տեղափոխում Պարսկաստան ու բանտարկում Անհուշ բերդում։ Բանտարկության 26-րդ տարում, Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ, նա բանտից ազատվում է եւ երկրորդ անգամ գահ բարձրանում ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի (388-414) մահից հետո։
Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Անդմըշըն (Անհուշ) բանտում ցմահ դատապարտվածն ազատություն է ստանում։