Արշակ 1-ից' մինչեւ Արշակ 36... Նրանք պարթեւ Արշակունիներն են: Ճիշտ է, արքաներն ունեցել են նաեւ անձնանուն, սակայն Պարթեւստանում իշխող միապետերին նաեւ Արշակ էին անվանում, կամ վերջինս իբրեւ մակդիր գործածվում էր յուրաքանչյուրի անվան հետ: Ի դեպ, թե՛ Պարթեւական թագավորության մեջ, թե՛ հին ու միջնադարյան Հայաստանում' Արշակ անվանել են միայն արքաներին: Նույնիսկ խոշոր նախարարները չեն համարձակվել իրենց զավակներին Արշակ անվանակոչել: Մեծ Հայքում նրանք երեքն են՝ Արշակ Ա (34-35), Արշակ Բ (350-368) եւ Արշակ Գ (378-387):

 

 


Ուսումնասիրողներից ոմանք բառի հիմքում տեսում են պահլավերեն arsa-արջ բառը, որից էլ իբր ծագում է տոհմանունը: Կա տեսակետ, որ Արշակը ‹‹Արբակ›› անվան աղավաղված տարբերակն է: ԱՐ-ը նշանակում է արիացի, հայ, հայր, նաեւ' Արարիչ, իսկ ԲԱԿ /ԲԱԳ/-ը' աստված, իշխող, տիրակալ, այսինքն' արիացիների տիրակալ: Ի դեպ, Պարթեւստանում Արշակունիներն իշխել են շուրջ 470 (Ք.ա. 248/247 – 224 թթ․), իսկ Հայաստանում' շուրջ 360 տարի՝ (66 – 428 թթ․):