«Ով չի ճաշակել խանդի պատճառած տանջանքը, չի ապրել սեր»… այսպես սիրում են արտահայտվել «դասական» խանդոտները' կարծելով, որ հենց խանդի ուժգնությունն է խոսում սիրո ուժգնության մասին: Իրականում, սակայն, խանդը մարդկային ամենակործանարար, ամենահիվանդագին ու անկառավարելի զգացմունքներից, հոգեվիճակներից մեկն է:
Խանդի էությունն այն է, որ խանդոտ մարդը չի կարող մտքով անգամ պատկերացնել, թե ինքը միակը չէ սիրելիի ինտիմ կյանքում: Դա նշանակում է, որ խանդին մշտապես ուղեկցում են տագնապը, զայրույթը, կասկածը, ատելությունն ու չարությունը, հուսահատությունը և անվերջանալի հոգեկան ցավը: Իսկ ուր է այստեղ սերը: Ընդ որում' տանջվում է ոչ միայն նա, ում խանդում են, այլև հենց խանդողը. նրա կյանքը մշտական, անվերջանալի տառապանք է, քանի որ չկա ունակություն' կառավարելու սեփական զգացմունքները:
Գոյություն ունի 4 տեսակի խանդ' դեպրեսիվ, մանիակալ, պարանոիդալ և բաժանման վախ: Խանդը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ: Այն առաջանում է սիրելիին կորցնելու մտավախությունից: Խանդը բնական զգացմունք է' ինչպես վախը, ցավը, չարությունը: Այն բացասական հույզերի մի ամբողջ փունջ է. գործում են և սիրելիին կորցնելու վախը, և վրիժառության, վիրավորանքի, չարության կամ նախանձի զգացումները: Ուստի' խանդը միշտ բացասական ու կործանարար է: Այն կործանում է և ներդաշնակ հարաբերությունները, և սերը:
Խանդը վախն է կորցնելու «սեփականությունդ» (սիրելի էակին): Իսկ վախերով մենք ավելի ենք ձգում այն իրավիճակները, որոնցից ձգտում ենք խուսափել: Ունենալով վախ, թե կկորցնենք մեր սիրելիին' մենք մեր կյանք ենք «ներմուծում» այդ իրավիճակը, տարօրինակ չհնչի, բայց կարծես ենթագիտակցորեն մղում ենք մեր սիրելիին անհավատարմության:
Խանդն աճում է ոչ թե սիրո, այլ ցածր ինքնագնահատականի արդյունքում. երբ զուգընկերներից մեկը վստահ չէ սեփական անձի կայացածության, գրավչության մեջ: Նա մշտապես համեմատում է իրեն բոլոր հնարավոր ու անհնար «սիրեկանների» (սիրուհիների)հետ, և երբ համեմատությունը իր օգտին չի լինում, մտածում է, որ սիրելին մշտապես ձգտում է իրեն փոխարինող գտնել: Հաճախ նման բարդույթները մղում են համոզվելու սեփական գրավչության մեջ' այլ զուգընկերների հետ: Եվ ստացվում է այնպես, որ խանդոտը, ցուցաբերելով անհավատարմություն, ենթագիտակցորեն կասկածում է սիրելիին իր իսկ գործած մեղքերի մեջ: Նման փակուղային շրջապտույտից գրեթե անհնար է դուրս գալ, քանի որ շատ բարդ է անվստահությունից կուրացած մարդուն որևէ բան բացատրել կամ ապացուցել:
Համենայն դեպս, բոլորին ու հատկապես խանդոտներին խորհուրդ է տրվում.
-ցանկալի չէ հարցնել զուգընկերոջ (ուհու) անցյալի մանրամասների մասին:
-ցանկալի չէ ամեն օր հսկել ու վերահսկել զուգընկերոջ (զուգընկերուհու) վարքը' որտեղ գնաց, ինչ արեց, ում հանդիպեց… Քանի որ անհավատարմության հնարավորությունն ավելի շատ ձեր երևակայության մեջ է:
Իսկ նրանց, ովքեր պարբերաբար անհիմն խանդի են արժանանում, առաջարկվում են վարքի հետևյալ տարբերակները.
1. Մի՛ ընկեք թակարդը, մի՛ փորձեք արդարանալ ի պատասխան անհիմն կասկածանքների: Խանդոտ ամուսինը ոչ հազվադեպ համոզված է լինում, որ դուք անհավատարիմ եք նրան, և այդ պատճառով նա անաչառ չէ խանդի պահերին: Հետևելով արդյունավետ հաղորդակցման սկզբունքներին' հայտնեք նրան, թե ինչ զգացմունքներ են ձեր մեջ առաջացնում այդ հարցերը:
2. Աջակցե՛ք ձեր զուգընկերոջը' խանդի հետ կապված խնդիրների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունել: Դուք կարող եք համոզել նրան' միասին խորհրդատու-հոգեբան որոնել: Ամեն դեպքում, գործեք վստահաբար: Մի բավարարվեք ժամանակավոր զինադադարով: Խանդը կարող է վկայել այն մասին, որ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, որոնց չի կարելի նայել մատների արանքով:
3. Զուգընկերոջ հանդեպ վերաբերմունքի հարցում մի՛ առաջնորդվեք խղճահարությամբ: Անգամ այն դեպքում, երբ կարեկցում եք ձեր զուգընկերոջը, ձեզ թույլ մի՛ տվեք արդարացնել նրա մեղադրանքներն ու կասկածանքները: ձեր զուգընկերը պետք է ինքը գլուխ հանի իր խնդիրներից: Ինքնասպանության կամ բռնություն գործադրելու սպառնալիքները վկայում են այն մասին, որ դուք դարձել եք պարտադրման և մանիպուլյացիայի ծայրահեղ ձևերի առարկա: Դա նշանակում է, որ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջ եկել, և ձեզ անհրաժեշտ է դիմել մասնագետի:
4. Վերլուծեք ձեր հարաբերությունները և ջանացեք որոշել' արդյոք դրանք կարելի է անվանել առողջ: Եթե ձեր զուգընկերոջ խանդը և սեփականատիրության զգացումը անհաղթահարելի են, ապա նման փոխհարաբերությունները ձեզ թույլ չեն տա լիակատար խաղաղություն զգալ: Անգամ եթե սիրում եք ձեր զուգընկերոջը, արժե մտածել այն մասին, թե կա արդյոք հարաբերությունների պահպանման իրական հնարավորություն հետագայում: Փորձեք ստեղծված իրավիճակը քննարկել փորձառու խորհրդատուի հետ: Այդպիսով' դուք հնարավորություն կունենաք կարևոր քայլ անել ձեր անձնական հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:
Անշուշտ, յուրաքանչյուր առանձին դեպքում կան տարբեր առանձնահատկություններ, նրբություններ, սակայն, ընդհանուր առմամբ նշված խորհուրդներին հետևելը կարող է տալ դրական արդյունքներ:
Սերը նման է կրակի, այն պետք է միշտ բոցավառել, սնուցել, ջերմություն հաղորդել: Ուշադրության անգամ փոքրիկ նշանները ուրախություն, թարմություն և ներդաշնակություն են հաղորդում հարաբերություններին: Փոխադարձ անվստահությունը, անարգանքն ու կասկածները կարող են վտանգել ձեր սերն ու երջանկությունը:
Իսկ սերը կորցնելը կարող է ակնթարթ տևել, այն դեպքում, երբ գտնելու համար երբեմն ամբողջ կյանքն էլ քիչ է: Մտածենք այս մասին և ամեն անգամ նախքան խանդի ազդեցության տակ վիրավորելը կամ աղմկոտ տեսարան ստեղծելը' փորձենք սթափեցնել, այդ պահին յուրահատուկ արգելակող «ապտակ» տալ ինքներս մեզ: Սերը նախևառաջ վստահություն է: