Երեկ ԱՄՆ դոլարը զգալիորեն զիջեց իր դիրքերը: Թվում է, թե ամեն ինչ իր տեղն ընկավ, ու կարելի է համարել, որ այլևս անհանգստանալու առիթ չկա: Բայց մի՞թե այդպես է: Պարզելու համար փորձենք գնահատել հետցնցումային այս իրավիճակը:


Մի քանի օր դոլարն անկառավարելիորեն աճում էր, ապրանքների գները շեշտակի բարձրանում, բանկերը դոլար էին վաճառում խիստ սահմանափակ քանակությամբ և կամ ընդհանրապես չէին վաճառում:


Նման իրավիճակներում խուճապն առաջացավ առաջին հերթին այն պատճառով, որ մի քանի օր չգտնվեց մի բարձրաստիճան պաշտոնյա, մի լիազոր մարմին, որ սպառիչ պատասխան տար, թե ինչ է մեզ հետ կատարվում, և երբ կկարգավորվի այս վիճակը:


Հարկ է նշել, որ Կենտրոնական բանկն այս օրերին գործեց խիստ ոչ պրոֆեսիոնալ, քանի որ իր ամենօրյա դոլարային ինտերվենցիաները ցույց տվեցին, որ դրանց ազդեցությունը խիստ սահմանափակ էր և բավարար չէր ստեղծված քաոսային պրոցեսները կարգավորելու համար: Ու երբ բանկերի հանդեպ բնակչության շրջանում անվստահություն առաջացավ, ԿԲ-ի նախագահն օրեր անց, իբր բանից անտեղյակ, զարմացած հայտարարեց, թե այն բանկերը, որոնք լիարժեքորեն չեն սպասարկի հաճախորդներին արտարժութային գործառնությունների շրջանակներում՝ խստագույնս կպատժվեն: Դե այդ խոսքերից հետո բանկերից հիասթափված հաճախորդներին ոչինչ չէր մնում, քան գնալ ու իրենց գումարները հանել բանկերից ու տեղավորել ավելի ապահով տեղում՝ բարձերի տակ: Ու եթե դրա դեմը չառնվեր, ոչ միայն առանձին առևտրային բանկեր կփակվեին, այլ երկրի ողջ բանկային համակարգը կպայթեր: Եվ ստիպված, ու նաև ուշացած, պետական մակարդակով հարձակում սկսեցին դոլարի վրա, ինչի արդյունքում դրամն արժեվորվեց, բայց բանկերի հեղինակությունը զգալիորեն տուժեց:


Իսկ երեկ առավոտվանից Բ26-ի լրատվական դաշտի «սազանդարները» լուրեր տարածեցին, թե Սերժ Սարգսյանը հրեղեն ձին հեծած եկավ ու մի այնպիսի հարված հասցրեց «թուր կեծակին» գործիքով ու գոչեց. «Արթուր, չես տեսնո՞ւմ՝ սիրուն չի», որ դրանից հետո դոլարը վախից սսկվեց ու կռացավ: Իսկ դուք ասում եք՝ գիտահետազոտակա՜ն, միտահետազոտակա՜ն:


Ու այս օրերի բացահայտ անտերության պարագայում, միակ կառույցը, որ գործնական քայլեր արեց, որքան էլ զարմանալի հնչի՝ Ազգային ժողովն էր, այն դեպքում, երբ իրավիճակի վրա ազդելու ամենաթույլ լծակը հենց այդ կառույցն ուներ: ԲՀԿ-ի համառ պնդումների ճնշման տակ, որին միացան նաև ոչիշխանական մյուս խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ–ի մի մասը, տեղի ունեցան փակ լսումներ, իրավիճակը բազմակողմանիորեն վերլուծվեց, տրվեցին գնահատականներ, ու իշխանավորները հասկացան, թե ինչ աղետի առաջ են կանգնեցրել երկիրն ու ժողովրդին և, որ ուղղակի պարտավոր են հրատապ քայլեր ձեռնարկել, այլապես հնարավոր չի լինի խուսափել անցանկալի զարգացումներից: Այսինքն՝ փաստացի Գագիկ Ծառուկյանի ճնշման տակ իշխանությունները սկսեցին ինչ որ քայլեր անել, կամ էլ հրաժարվել սպեկուլյացիոն քայլերից։


Ի դեպ, երբ 2009-ին միանգամից դոլարն արժևորվեց 20 տոկոսով, այդ ժամանակ էլ լուրջ ֆինանսական մեքենայություններ տեղի ունեցան՝ ամենաբարձր մակարդակով, արդյունքում գրպանվեցին հարյուր միլիոնավոր դոլարներ, բայց խուճապ այնուամենայնիվ չառաջացավ, քանի որ դա տևեց մի օր ու, եթե դրամով խնայողություններ ունեցողները տուժեցին, ապա դոլարային մուտքեր ու խնայողություն ունեցողներն օգտվեցին: Իսկ այս անգամ դրամ ունեցողները տուժեցին, իսկ դոլար ունեցողները «քաշվեցին», երբ տեսան, որ բանկերում գտնվող իրենց գումարները չեն կարողանում տնօրինել: Ու դրան զուգահեռ՝ օր օրի, ժամ առ ժամ վիճակը վատթարանում էր: Սա, անշուշտ, Սարգսյանի վարչախմբի ու հատկապես Կենտրոնական բանկի, հանցավոր անգործության հետևանք էր, եթե չասենք, որ ըստ շրջանառվող լուրերի, նաև՝ հանցավոր գործունեության:


Ուստի եզրակացությունը տխուր է. առաջիկայում դոլար էլ կլինի, դրամ էլ, բայց բանկային համակարգի հանդեպ վստահությունը կարող է չվերականգնվել: Փաստորեն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ Սերժ և Տիգրան Սարգսյանները քանդեցին մեր տնտեսությունը, երկիրը կոխեցին պարտքերի տակ, բնակչությունը շեշտակիորեն աղքատացավ, ու այս ամենի համար արդարանում էին, թե գոնե բանկերը փրկեցին ու ապացուցվեց, որ այդ համակարգը կայացած է մեր երկրում, իսկ այժմ հաշված օրերի ընթացքում շեշտակի հարված հասցվեց նաև բանկերին։


Ճիշտ է, բանկային համակարգը չի փլուզվել, բայց դա ոչ թե դոլարի փոխարժեքի կայունացման հետևանքով էր կամ առավել ևս Սարգսյանի ու Ջավադյանի արդյունավետ միջամտության արդյունք, այլ՝ արդյունք էր առևտրային բանկերի անձնակազմերի՝ ամենաշարքային աշխատողից սկսած մինչև կառավարիչ, ինչու չէ, նաև՝ սեփականատերերի, գործադրված ջանքերի: Վերջիններս իրենց հեղինակությունն ու վստահությունն էին դրել «զոհասեղանին», և հաճախորդները հավատալով նրանց խոսքին՝ գումարները չհանեցին բանկերից: Թեպետ վտանգն ամբողջությամբ չեզոքացված համարելը կլինի շատ լավատեսական գնահատական:


Ու եթե մեր ամենակայացած համարվող համակարգն է հայտնվել այս խղճուկ վիճակում, ապա պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանն, ինչպես բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, այնպես էլ Կենտրոնական բանկի նախագահին, ընտրել է «իր պատկերով ու նմանությամբ» և կարելի է միայն պատկերացնել, թե այլ ոլորտներում ինչ վիճակ է:


Այս ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս իշխանությունները էքստրեմալ իրավիճակներում ունակ չեն որևէ բան որոշելու ու դեռ մի բան էլ խորացնում են խուճապը:


Իսկ մենք էլ հերթական անգամ համոզվեցինք, որ այս իշխանությունները մինչև չհեռանան, ոչ մի դրական սպասելիք չենք կարող ունենալ, թե չէ, եթե արեգակնային համակարգն էլ սրանց կառավարմանը հանձնես մի քանի օրում դա էլ կքանդեն ու մեջ-մեջ կանեն:

 

 

Արմեն Հարությունյան