Դոլարի արժեւորումը եւ նավթի գների անկումը շարունակվում է' թվում է թե անկասելի տեմպերով, ինչն իր ազդեցությունն է թողնում աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների եւ նրանցում ապրող մարդկանց սպասումների եւ տրամադրությունների վրա: Այս առումով Հայաստանը բացառություն չէ' դոլարի արժեւորումը մեր երկրում այսօր հանգեցրեց ազգային արժույթի արժեզրկման նոր բնագծի' 1 դոլարը 510-520 դրամի:

 

 


Բացի արտաքին գործոններից, փոխարժեքի ներկա ցուցանիշին նպաստում են բնակչության սպասումների հետ կապված երկու հանգամանք' զանգվածորեն դոլար ձեռք բերելու երեույթը եւ նախամանորյան շրջանի գնումների հետաձգումը: Առաջին գործոնի մասին շատ է խոսվել: Միաժամանակ, նշվել է, որ ամանորյա գնումները կչեզոքացնեն այդ գործոնը եւ փոխարժեքը կկայունանա եւ կվերադառնա տնտեսական իրողություններին ավելի համապատասխանող սահմանագծի:

 

 


Ինչ վերաբերվում է երկրորդ գործոնին, ապա դոլարի շարունակվող արժեւորումը սպասողական տրամադրություններ են առաջացրել նրանց մոտ, ովքեր սովորաբար արդեն այս օրերին իրենց դոլարային խնոյաղությունները վերածում են դրամի' տոնական գնումներ կատարելու համար: Ակնկալիքը' փոխանակել դոլարը այն պահին, երբ այն հասած կլինի արժեւորման գագաթնակետին: Ու քանի դեռ այդ գագաթնակետը չի երեւում, դոլարային խնայողություներ մուտքը շուկա եւ տոնական գնումները նույնպես հետաձգվում են: Այս հարցում ոչ ոքին մեղադրել չի կարելի, քանի որ մարդիկ ձգտում են զերծ մնալ կորուստներից եւ իրենց ունեցածը փոխանակել առավելագույնս բարձր գնով: Քանի որ ամեն ինչ փոխկապակցված է, սա էլ նպաստում է նրան, որ փոխարժեքի կայունացում դեռեւս չի արձանագրվում:

 

 


Այնուամենայնիվ, արձանագրելով դոլար-դրամ ներկայումս ձեւավորված փոխարժեքում բնակչության սպասումների եւ սպեկուլյատիվ գործարքների նկատելի բաժինը, պետք է փաստել, որ դրամի արժեզրկումն այս պահին շարունակվում է արտաքին գործոնների խորացող ազդեցությամբ, որն արտացոլվում է համաշխարհային ֆինանսական շուկայի վրա ընդհանրապես եւ բոլոր երկրների վրա' առանձին-առանձին:

 

 

Կարինե Առաքելյան