Զապել թագուհին Կիլիկիան թագավորության հիմնադիր Լևոն Ա Մեծագործի դուստրն էր: Արքան արու զավակ չուներ եւ դա էր պատճառը, որ նախ իրավահաջորդ է ճանաչում իր եղբայր Ռուբենի դստեր՝ Ալիսի որդի Ռուբեն-Ռայմունդին, ապա դժգոհ լինելով նրանից՝ գահաժառանգ է հռչակում իր դուստր Զապելին: 1217 թ., կամենալով կապերն ամրապնդել խաչակիրների հետ, Լեւոնը հայտարարում է, որ Զապելը չափահաս դառնալով կամուսնանա Հունգարիայի թագաժառանգի հետ: Որոշման պահին արքայազնը ութ, իսկ Զապելը՝ երկու տարեկան էր: 1219 թ. մայիսի 2-ին Լեւոնը մահանում է և նույն օրը մանկահասակ Զապելը հռչակվում է հայոց թագուհի:

 

 

Նրան, սակայն, վիճակված չէր Հունգարիայի թագուհի դառնալ, քանի որ Անդրեաշը չի ժամանում հայոց արքայի հուղարկավորությանը, իսկ արքունի խորհուրդը դա պատճառ համարելով՝ չեղյալ է հայտարարում Զապելի ամուսնության մասին արքայի որոշումը: Գահակալման հարցը Կիլիկիայում մնում է բաց և 1222 թ. հայոց իշխանները, Կոստանդին պայլի գլխավորությամբ, 7-ամյա Զապելին ամուսնացնում են Անտիոքի գահաժառանգ 18-ամյա Ֆիլիպի հետ, նպատակ ունենալով՝ նախ մեղմել երկու հարեւանների միջեւ լարված հարաբերությունները, ապա խաղաղ ճանապարհով Կիլիկիային կցել Անտիոքի դքսությունը:

 

 

Ֆիլիպը, սակայն, իր հետ հայոց արքունիք է բերում լատինական սովորություններ ու խաչակիր ասպետներ: Նա չէր հարմարվում հայկական բարքերին, անգամ փորձում է արգելել հայերենը հայոց արքունիքում, իսկ արքունի գանձերն, այդ թվում Լեւոնի թագերը, ուղարկում է Անտիոք: Շուտով նա գահընկեց է արվում հայոց ավագանու կողմից, բանտարկվում և սպանվում: Գահակալության հարցը դարձյալ բաց է մնում: Կոստանդին պայլը, հայոց իշխանների համաձայնությամբ, որոշում է Զապելին ամուսնացնել իր մանկահասակ որդու' Հեթումի հետ:

 

 

Զապելը, դեմ լինելով այս հերթական ամուսնությանը, փախչում է Սելեւկիա՝ այնտեղից Կիպրոս անցնելու մտադրությամբ, սակայն Կոստանդինին հաջողվում է այդ ծովային բերդը պաշարել, համոզել եւ հետ բերել նրան: 1226 թ. հունիսի 14-ին, Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում, հայոց Կոստանդին Սսեցի կաթողիկոսը կատարում է Հեթումի ու Զապելի պսակի և Հեթումի գահակալման արարողությունը: Այս ամուսնությամբ լուծվում է ոչ միայն գահակալության հարցը, այլեւ Ռուբինյանների եւ Հեթումյանների միջեւ գոյություն ունեցող դարավոր հակամարտությունը: Ամուսնու հավատարիմ զինակիցն ու կողակիցը' Զապել թագուհին, զբաղվում է երկրի բարեկարգման խնդիրներով ու բարեգործություններով: Նա, պատմիչների հավաստմամբ, «առաքինաջան և ողջախոհ» թագուհի էր: Մայրաքաղաք Սսում հիմնում է բարեգործական հիվանդանոց, որտեղ դեղորայքն ու բուժումն անվճար էր: Հիվանդանոցում աշխատում ու հիվանդներին խնամում էր նաեւ հայոց թագուհին:

 

 


Զապելը բազմազավակ մայր էր: Ամուսնուն պարգևել է ութ զավակ' երեք որդի և հինգ դուստր: Որդիներից կրտսերը' Լևոնը (1270-1289), հայոց գահին հաջորդեց հորը: Թագուհին մահացավ վաղ տարիքում' 1252 թ. հունվարի 22-ին, մայրաքաղաք Սսում: Նրա աճյունն ամփոփվեց Դրազարկի վանքում:

Նկարում՝
Հեթում Ա թագավորի և Զապել թագուհու պատկերներով հատված արծաթե դրամ: