Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է.


-Դու ի՞մ մասին ես գրում:


Տատիկը դադարեց գրել, ժպտաց և ասաց.


-Դու գուշակեցիր, բայց կարևորը այն չէ, թե ում մասին եմ ես գրում, այլ այն, թե ինչով եմ ես գրում: Ես ուզում եմ, որպեսզի դու նման լինես այս մատիտին, երբ մեծանաս:


Փոքրիկը երկար նայեց մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով՝ ասաց.


-Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին:


-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու նայում առարկաներին: Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով ուզում է ապրել լիարժեք կյանքով:


Առաջինը. դու կարող ես հանճար լինել, բայց չպետք է մոռանաս քեզ ուղղորդող Ձեռքի մասին: Մենք այդ ձեռքն անվանում ենք Աստված: Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն:


Երկրորդը. որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը: Այդ գործընթացը փոքր-ինչ ցավոտ է նրա համար, բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում: Սովորիր տանել ցավը՝ հիշելով, որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ:


Երրորդը. երբ օգտվում ես մատիտից, միշտ կարելի է ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշիր, որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ. երբեմն այն միակ եղանակն է, որով կարող ես չշեղվել ճիշտ ուղուց:


Չորրորդը. մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից այն պատրաստված է, ո՛չ նրա ձևը, կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը:


Եվ վերջապես, հինգերորդը. մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում. այնպես որ, մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:

 

 

Ալվինա Բաբայան