Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը, բացի բռնցքամարտից, մեծ սեր է ունեցել նաև թանկարժեք և շքեղ մեքենաների նկատմամբ: Նա պատկանում է այն մարդկանց շարքին, ովքեր մեծ փողեր են աշխատում և ծախսում են դրանք ամբողջությամբ: 2003 թվականին նա սնանկացել է, իսկ թոշակի անցնելուց երեք տարի առաջ՝ մինչև 2006 թվականը, մի քանի մարտերի արդյունքում վաստակել է 30 մլն դոլար: Իր ամբողջ կարիերայի ընթացքում բռնցքամարտիկն աշխատել է 300 մլն դոլար:
Ֆինանսական խնդիրների պատճառով Թայսոնը որոշել է վաճառել 1997 թվականի արտադրության իր Bentley-ին: Այն վաճառվել է Ֆլորիդայում մի կոլեկցիոների և բոլորովին վերջերս վերականգնվել է Մեծ Բրիտանիայում: Ներկայումս մեքենան աճուրդի է հանված գերմանական Քյոլն քաղաքում՝ 123 հազար դոլար մեկնարկային գնով: