Մենք ինչ-որ բաներ պետք է սկսենք միասին անել՝ թեկուզ ծառատունկ, թեկուզ գրքի ընթերցում և քննարկում, ոչ այնքան կարևոր է, թե ինչ, որքան՝ ինչպես: Իսկ ինչպեսը, ելնելով մեր ընդհանուր շահերից առ միասնական ապագա, մեկն է՝ միասին:


Նիցշեն կասեր. «Եթե գիտես ինչու-ն, տանելի է ամեն ինչպեսը»:


Բայց իրականում մեր հասարակությունն ուղիղ հակառակ ճանապարհով է գնում՝ անհատականացման... անհատական հարստացման, անհատական ձեռքբերման, անհատական կրթության, անհատական երջանկության: Չի լինում այդ դեպքերում ընդհանուր ապագա, չի՛ լինում, որովհետև չի՛ կարող լինել, որովհետև ապագայում ունենում ենք ինքնաբավ և ոչ այնքան, ինքնամփոփ և ոչ այնքան, բայց բոլոր դեպքերում՝ իր անհատական կյանքի արշինով ամեն ինչը չափող անհատներ: Իսկ սա նշանակում է՝ ընդհանուր պատմության, ընդհանուր մշակույթի, ընդհանուր արժեքների և ընդհանուր ապագայի արժեզրկում: Էլ ի՞նչ իմաստ ունի զբաղվել քաղաքականությամբ, որը միշտ ընդհանուրի մասին է: Չէ՞ որ ընդհանուրը չկա այդ պայմաններում, կա միայն իմը և քոնը, իմ ճանապարհը և ոչ իմ ճանապարհը... և ամեն մեկն իր հարցերն է լուծում, իր ձևով:

 

 

Մովսես Դեմիրճյան