Վերջին շրջանում Ռուսաստանի ու Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացել են մի շարք տնտեսական խնդիրներ, որոնք չեն շրջանցում ինչպես տարածաշրջանը, այնպես էլ Հայաստանը:
Ռուսական ռուբլին, վրացական լարին ու հայկական դրամը անկում են գրանցել: Իրավիճակն այդ երկրներում հանգեցրել է գնաճի, առաջացնելով սոցիալ-տնտեսական ու քաղաքական լարվածություն, տեղիք տալով տարատեսակ շահարկուների:
Այսպիսի լարվածության պայմաններում կան նաև մարդիկ, ովքեր փորձում են դիմել տարբեր սպեուլյատիվ միջոցների, էլ ավելի սրել իրավիճակն ու օգտվել դրանից: Այդպիսի երևույթների կասեցմանն է ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որով նա դիմել է Կենտրոնական բանկին:
Վարչապետը ԿԲ-ից պահանջել է ուշադրությամբ հետևել գործընթացներին, այն պահել ուշադրության կենտրոնում ու կանխել սպեկուլյատիվ գործունեության դրսևորումները:
Վարչապետի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարեւոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մանսակիցները հետեւեն սահմանված նորմերին եւ կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետեւի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը: Իսկ նման դեպքեր հայտնաբերելու դեպքում հարկ է կիրառել օրենսդրությամբ նախատեսված պատասխատվության միջոցներ իրենց ամբողջ խստությամբ»:
Հիրավի, այսպիսի լարվածության պայմաններում կառավարությունը պարտավոր է դիմել կոշտ միջոցների՝ յուրաքանչյուր սուբյեկտիվ ու վնասակար գործունեություն բացառելու և անձնական շահադիտական նպատակներ հետապնդողներին համապատասխան պատժի ենթարկելու համար:
Տիգրան Խաչիկյան