«Խնամին» բանաստեղծությամբ Ջիվանին նկարագրել է այն դաժան իրականությունը, որը ռուս-թուրքական հակամարտության արդյունք էր: Հայերն անմնացորդ օգնում էին ռուսական բանակին՝ մեծապես նպասելով Արեւմտյան Հայաստանի տարածքների գրավմանը, իսկ փոխարենը՝ վաստակում հիասթափություն, ատելություն ու արհամարհանք ոչ միայն ԹՇՆԱՄՈՒ՝ թուրքի, այլեւ ԽՆԱՄՈՒ՝ ռսի կողմից: Եթե թուրքերի ատելությունը հասնում էր բացահայտ հայաոչնչացման, ապա Ռուսաստանը որդեգրել էր նմանատիպ քաղաքականության մեկ այլ գործելակերպ: Սուլթանը կոտորում էր, իսկ ցարը փակելով հայկական դպրոցները, հալածելով, ձերբակալելով ու խոշտանգելով հայ մտավորականներին՝ ոգեւորում էր թուրքերին: Հայաստանը թուրքերին եւ ռուսներին պետք էր առանց հայերի:

 

 

 

ԽՆԱՄԻՆ

Ա՜խ, իմ պապիս տանիցը ինձ դուրս արավ թշնամին,
Եկավ տեսավ չըօգնեց իմ սիրելի խնամին,
Ո՛չ, հավատալ չի լինի հիմիկվա բարեկամին,—
Ինձ այսօրվան հասցրեց նրանից գալած քամին:

Խնամիս ինձ տեսնելու երբ եկավ իմ երկիրը,
Թշնամիս գրգռելով կռվի փոխեց խնդիրը,
Տուն ու տեղս քանդվեց, երկինք ելավ մոխիրը,
Խնամուս պատճառովը մատնվա անզգամին։

Թշնամիս հին էր թեպետ, բայց մարել էր կրակը,
Բարեկամիս գալովը վար առավ յուր դիմակը,
Այսպիսի վատ դրության հասցրեց իմ վիճակը,
Քիչ մնաց որ խնամիս ինձի ուղարկեր Ջամին։

Խնամիս քաջ, հեռատես, ինքը հարուստ մեծանուն,
Աշխույժ մարդիկ գրավող, իր շահի մեջը գիտուն,
Որդուցս մի քանիսը, թողնելով ողջ տեղ ու տուն,
Ետևն ընկան գնացին փափագելով դրամին։

Իմ թշնամիս դաժան է, — ես նրանից խռով եմ,
Ուր որ գնամ, ուր լինեմ, խեղճ եմ, անապահով եմ.
Թե ուզում եք իմանալ թշվառիս արդյո՞ք ով եմ,
Հայրենյաց զոհ գնացած որդին եմ քաջ Արամին։