Բրոնխային ասթմայի զարգացման պատճառ է հանդիսանում ալերգիան' տնային փոշուց, կենդանիների մազերից, ծաղկափոշուց, դեղորայքից…


Սակայն ասթմայի այս ձևը (իսկական ատոպիան) հանդիպում է 16% ասթմատիկների մոտ: Իսկ մեծ մասամբ, ասթմա առաջացնում են… սնկերը:


Որտեղի՞ց…


Այս սունկը բացահայտվել է անցյալ դարի 80-ական թվականներին Սամարղանդի մարզում:

Ալերգաբաններն ուշադրություն էին դարձրել, որ բրոնխային ասթմայով հիվանդների մոտ, ովքեր ապրում են փայտե տներում, որոնց հատակը հողից է, այդ օդը շնչելիս թոքերում ձևավորվում են բորբոքային ախտընթացներ, որը ենթադրում է դրանց զարգացման ալերգիկ ռեակցիայի մեխանիզմի առկայություն' բորբոսի մասնակցությամբ: Գիտնականները հետաքրքրվելով այդ հանգամանքներով, սկսեցին որոնել սունկը, որը բորբոս էր առաջացնում: Դա երկարատև գործընթաց էր, քանի որ կողմնորոշվում էին արդեն գոյություն ունեցող տեսակներով: Բայց, արդյունքում բացահայտեցին ինֆեկցիայի նոր տեսակը' Paecilomyces տեսակի սունկը պայմանական պաթոգեն հատկություններով:


Հնարավոր է, որ պեցիլոմիկոզը այդպես էլ կմնար միջինասիական պետությունների խնդիրը, բայց հետազոտությունները շարունակվեցին նաև Ռուսաստանի քաղաքներում: Արդյունքներն անսպասելի էին. սնկի կրող է համարվում բացարձակապես ամեն մի մարդ: Սնկային բորբոսը «ապրում է» ոչ միայն հողում, այլև մարդու արյան մեջ: Բայց, եթե բնության մեջ այն թելանման ձևն ունի, ապա մարդու օրգանիզմում զարգանում է սֆերուլի' գնդաձև պարկուճի ձևով, որի ներսում էնդոսպորներն են գտնվում' ապագա սնկերի սերմերը: Այդ փաստը վկայում է, որ պեցիլոմիցես սնկային բորբոսը շատ վաղուց է «տեղավորվել» մարդու արյան մեջ և իր զարգացման պրոցեսում գոյության նոր ձև է ձեռք բերել, որը բացառում է կենսաբանական տիրոջ մահը:


Սունկը մարդու արյան մեջ է անցնում ոչ թե հողե հատակից, այլ ներարգանդային զարգացման ժամանակահատվածում հղի կնոջ արյան միջով,- մեկնաբանում են գիտնականները: - Միևնույն ժամանակ, նրա իմունային համակարգը պտուղը պաշտպանում է ներարգանդային ինֆեկցիոն ախտընթացի զարգացումից: Ծնվելուց հետո մարդը պետք է իմունիտետի օգնությամբ ինֆեկցիայի հարուցիչին ինքնուրույն դիմադրի: Դրա զարգացումն էլ հենց ուղեկցվում է շնչահեղձության նոպաներով և ալերգիկ այլ դրսևորումներով:


Ռեակցիայի աշխատանքը


Այս սունկը «ննջում է» մարդու օրգանիզմում, բայց ակտիվանում է իմունային հսկողության նվազման դեպքում ու սկսում է ակտիվորեն բազմանալ: Եթե առողջ մարդու 1 մկլ արյան մեջ կարող է գտնվել հասուն սնկի մինչև 6000 սֆերուլ (պեցիլոկրություն), ապա ասթմայով հիվանդի մոտ հայտնաբերվել է և 18 000, և 35 000 սֆերուլ:


Սնկի բջիջները, արագ բազմանալով, բարդ իմունաբանական և կենսաքիմիական ախտընթացների պատճառ են դառնում: Արդյունքում, արյան մեջ կուտակվում է մեծ քանակությամբ հատուկ E իմունագլոբուլին, դրա օգնությամբ էոզինոֆիլերը (արյան բջիջները) ամրանում են խոշոր սնկերի թաղանթին և քայքայում են այն, իսկ մանրները ոչնչանում են կլանման և ճեղքման ճանապարհով:
Ավելի պարզ ասած, E իմունագլոբուլինը, պաշտպանելով օրգանիզմը «օտարներից», աշխատեցնում է ալերգիկ ռեակցիան, որը բրոնխների հարթ մկանների ջղաձգում և լորձաթաղանթի այտուց է առաջացնում, տեղի է ունենում լորձի ուժեղացված արտազատում, որն էլ խցանում է բրոնխները և թոքերը: Այստեղից էլ ասթմայի բոլոր դասական դրսևորումները' հազ, սուլոցով խռպոտ շնչահեղձություն, որն առաջանում է սեղմված բրոնխների միջով օդն անցնելիս:


Ով է մեղավոր


Ստացվում է, որ բրոնխային ասթմայով հիվանդանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան ընդունված է կարծել. քանի որ օրգանիզմում «ննջող» սունկը ցանկացած պահի կարող է արթնանալ: Դա կողմնակիորեն հաստատում են նաև այլ երկրների գիտնականների հետազոտությունները, որոնք ցույց են տալիս, որ բրոնխային ասթմայով հիվանդացության քանակը գնալով ավելանում է: Ավելանում է, որովհետև ժամանակակից մարդու իմունային համակարգը չի դիմանում ծանրաբեռնվածությանը կենսակերպի փոփոխությունների պատճառով: Օրինակ, բրոնխային ասթմայի զարգացման համար հաճախ մեղադրում են սթրեսներին: Եվ մեղադրանքը տեղին է: Միևնույն ժամանակ շատ քչերը գիտեն, որ սթրեսի պահին արյան հունում անհետանում են պաշտպանական սպիտակուցները' իմունագլոբուլինները, հնարավորություն տալով, որ արյան մեջ սնկի բջիջները զանգավածաբար բազմանան:


Ասթման հաճախ դիտում են որպես չբուժված բրոնխիտների և շնչական ուղու այլ հիվանդությունների հետևանք: Բայց, հաշվի չի առնվում, որ այդ դրսևորման մեխանիզմը հետևյալն է. առաջանում է սուպերինֆեկցիա (բրոնխիտ, ՍՇՎԻ, գրիպ), որ իմունիտետի «վերմակը իր վրա է քաշում», թուլացնելով սնկային բջիջների վրա իմունային հսկողությունը:


Տարիքի հետ պեցիլոմիկոզի ակտիվությունն ավելանում է, իսկ դա նույնպես բացատրվում է իմունիտետի հատկություններով' սկսում է պակասել ուրցագեղձի բնական ակտիվությունը (իմունային համակարգի գլխավոր օրգանը) և սնկերը հսկողությունից «դուրս են գալիս»:


Բուժում նոր ձևով


Առայժմ հետազոտությունները շարունակվում են: Բայց, եթե հաստատվի այն ենթադրությունը, թե ասթման մեծ մասամբ առաջանում է սնկերի պատճառով, ապա այդ հիվանդության բուժումն արդեն այլ կերպ կտարվի' հակասնկային պատրաստուկներով, հորմոնային և հակահիստամինային պատրաստուկների փոխարեն: Քանի որ սնկային սպորների ծավալը նշանակալիորեն նվազեցնելու դեպքում բրոնխների ջղաձգում չի լինի: Իսկ դա հիանալի հեռանկար է ասթմայով հիվանդների համար, ովքեր այսօր ստիպված են միշտ իրենց մոտ պահել ինհալատորները:

 

 


Վրեժ Հովսեփյան