Հայաստանում շատերն են գործող իշխանության հեռացման հետ կապում Ռուսաստանի կողմից երկրի զրոյացված ինքնիշխանությունը վերականգնելու հույսը: Այդ հույսը փայփայողների մի մասը կարծում է, որ հարելով ԵՄ-ին ու հավանություն տալով ԱՄՆ աշխարհաքաղաքական ծրագրերին, Հայաստանը կապահովի սեփական ֆիզիկական գոյությունն ու բարեկեցիկ, երջանիկ ապագան: Մյուս մասն էլ կողմնակից է բացառապես հայաստանակենտրոն, հայահաճո ու հայադավան կեցվածքին, որը ենթադրում է ՀՀ արտադաշինքային գոյություն՝ ինքնուրույն մի գոյության կերպ, որը կսնվի հայկական ինքնության անարատ աղբյուրից և որի առավելությունն a priori անվերապահորեն ճանաչված կլինի բոլոր օտարների կողմից: Բանն այն է, որ ոչ արտաքին ուժի հետ հույսեր կապելը, ոչ էլ ինքնամեկուսացումն ունակ չեն լուծելու երկրի բարեկեցության ու զարգացման խնդիրը՝ ՀՀ պետական ինքնիշխանության բացարձակ գերակայության կամ կոլաբորացիոնիզմի անխուսափելիության վերաբերյալ մեր քաղաքական դասի և հանրության մոտ առկա հռչակագրային պատկերացումների համատեքստում: Ազգի և պետության պարագայում իրական ազատությունն ու ինքնիշխանությունը ոչ թե մեկնարկային նախապայման են, այլ տևական գործընթացի վերջնարդյունք:

 

 

Արման Մելիքյան