Տարվա կեսերից արձանագրվում է հանքահումքային ապրանքների գների նվազում։ Իջնում է ոչ միայն նավթի, այլեւ պղնձի գինը։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա : Գործարարության խթանումը կառավարության կողմից պետք է որ արժանի պատասխան լինի միջազգային շուկայի կողմից թելադրվող այս անբարենպաստ իրավիճակին :
Գործարարության բարեփոխումներից մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն էր հարկային ստուգումները սահմանափակելու վերաբերյալ : Նախատեսվում է նաև թուլացնել ավելացրած արժեքի հարկի բեռը : Խորհրդարանում քննարկման մեջ է դրված օրենսդրական մի նախաձեռնություն,որով առաջարկվում է ներդրումային ծրագրերն ազատել ԱԱՀ-ից : Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ մտած այս օրինագիծն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։ Նոր օրենսդրությունը ենթադրում է ԱԱՀ-ից ազատում առանց հաշվի առնելու ներդրվող գումարի չափը : Հիշեցնեմ,որ նախկինում նվազագույն շեմը 200 մլն դրամ ներդրումն էր :
Տնտեսության համար սա կարեւոր քայլ Է : Այն թույլ կտա լրացնել գործարարների մոտ մշտապես առկա շրջանառու միջոցների պակասը։ Պետությանը գանձարան գնալու փոխարեն, այդ գումարներն, ըստ էության, կմտնեն տնտեսություն՝ ակտիվացնելով տնտեսական գործընթացները։
Ժորա Գրիգորյան