Պետք է հասկանալ վերջապես, որ ինչ-որ բան հասկանալը չի ենթադրում դրա կառավարում կամ միջամտություն այդ գործընթացին


Իմանալ չի նշանակում հասկանալ․մարդիկ շատ բան գիտեն, բայց քիչ բան են հասկանում։


Հասկանալ չի նշանակում կարողանալ միջամտել կամ կառավարել․ մենք հասկանում ենք, թե ինչպես է աշխատում ստամոքսը կամ ինչպես է ընդունվում այս կամ այն որոշումը, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող ենք միջամտել այդ գործընթացներին։


Ամբողջ ֆեյսբուքահայությունը կենտրոնացել է հասկանալու վրա՝ մի մասը բացատրում է մյուս մասին․․․ բայց հասկանալն ինքնին արժեք չէ, եթե հասկացածը ինչ-ինչ պատճառների կամ հանգամանքների բերումով կիրառելի չէ։


Մարդիկ սովորում են, կրթություն են ստանում, փորձ են ձեռք բերում տասնամյակներով և կուտակում այդ ամենը, կուտակում, կուտակում․․․ եթե չես կիրառում ինչ-որ բան փոխելու համար՝ այդ գիտելիքների և իմաստության ամբողջ պաշարն ավելորդ բեռ է, որը խանգարում է գիշերը քնելուն։ Սկսես կիրառել՝ առավել ևս գիշերները չես քնի, բայց քո և հանրության կյանքում մի բան կարող է փոխվել։


Հռետորական հարց․ կա՞ արդյոք այն խիզախը, ով պատրաստ է զոհաբերել իր քունը՝ հանրությանը քնից հանելու համար։

 

 


Մովսես Դեմիրճյան