Մի երեկո ես հոգնած էի, գլխացավ ունեի' հազվադեպ տկարություն' իմ պարագայում: Մենք ընկերներով պիտի կինո գնայինք, բայց վերջին պահին ես որոշեցի մնալ տանը: Գալան կգնա նրանց հետ, իսկ ես ավելի վաղ անկողին կմտնեմ: Մենք շատ համեղ պանիր ճաշակեցինք, ապա ես մնացի մենակ, նստեցի' հենվելով սեղանին և մտորում էի այն մասին, թե որքան «գերփափուկ» էր հալած պանիրը… Ես ոտքի ելա և գնացի արվեստանոց, որպեսզի սովորականի պես հայացք նետեմ իմ գործերի վրա: Կտավը, որ պատրաստվում էի նկարել, ներկայացնում էր բնապատկեր Պորտ-Լիգատի մերձակայքում'ժայռեր, որոնք ասես լուսավորված էին երեկոյի ոչ պայծառ լույսով:

 

Առաջին պլանում ես պատկերեցի տերևազուրկ ձիթենու սղոցված բունը: Այս բնապատկերն ինչ-որ գաղափար կրող կտավի հիմքն էր, բայց ինչպիսի՞: Ինձ գայթակղիչ մի պատկեր էր անհրաժեշտ, բայց ես այն չէի գտնում: Ես գնացի լույսն անջատելու, ու երբ դուրս եկա, բառացիորեն տեսա «լուծումը». փափուկ ժամացույցների երկու զույգ, մեկը խեղճորեն կախ է ընկել ձիթենու ճյուղից: Չնայած գլխացավիս, ես պատրաստեցի ներկապնակն ու գործի անցա: Երկու ժամ անց, երբ Գալան վերադարձավ կինոյից, կտավը, որը պիտի դառնար ամենահանրաճանաչներից մեկը, ավարտված էր…

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ