Եղիշե Չարենցի կենսագրության մի անհայտ դրվագ իր արտացոլումն է գտել արխիվային երկու փաստաթղթերում, որոնք հրապարակում ենք առաջին անգամ: Դրանք միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս պատկերացում կազմել այն ծանր մթնոլորիտի ու գաղափարական սահմանափակումների մասին, որ գերիշխող էին 1920-ականների Հայաստանում և դեռ էլ ավելի պիտի թանձրանային հետագա տարիներին:
Առաջին վավերագիրը մի գաղտնի պաշտոնական գրություն է, որ Լուսավորության ժողկոմատ է առաքվել Հատուկ բաժնի կողմից: Նամակում ասվում է.
« N5
Երևան, 14.3.1929
Գաղտնի
Լուսժողկոմի տեղակալ
ընկ. Յաղուպյանին

 


Սրանով Ձեզ հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ընկ. Գ. Վանանդեցին Հանր. Գրադարանի հատուկ բաժնից վերցրել է տանը օգտվելու համար Չալխուշյանի «Ինչ է և ինչ պիտի լինի մեր ուղին», ինչպես նաև դեկտ. 12-ին – «Հայրենիք» ամսագրի վեց համարներ: Վերոհիշյալները առանց հատուկ բաժնին վերադարձնելու՝ ընկ. Գ. Վանանդեցին հանձնել է քաղ. Չարենցին: Բացի դրա՝ քաղ. Չարենց հունվարի 7-ին հատուկ բաժնից վերցրել է «Հայրենիք» ամսագրի յոթը համարներ, հունվ. 20-ին վերադարձնելու պայմանավ:
Հիշյալ ամսագրի 13 համարները և գիրքը առանց վերադարձնելու քաղ. Չարենց Երևանից մեկնել է: Սույնը տեղեկացրել եմ և Պետ քաղ. Վարչության, հարկ եղածը տնօրինելու համար:
Հատուկ բաժնի վարիչ….»:

 


(Վերջին ստորագրությունը դժվարընթեռնելի է: Ամենայն հավանականությամբ, «Ա. Թագվորյան»):
Հայտնի փաստ է, որ այդ տարիներին սահմանված գրաքննության պայմաններում գրականության ու մամուլի հատուկ ֆոնդերից կարող էին օգտվել միայն սահմանափակ թվով մարդիկ և այն էլ' որոշակի նպատակներով: Իսկ սփյուռքից ստացվող պարբերականների գերակշիռ մասը կրում էր «գաղտնի» կնիքը և պահվում էր լայն հանրության աչքից հեռու: Հետևաբար Դաշնակցություն կուսակցության օրգան «Հայրենիք» հանդեսը չէր կարող ընդգրկված չլինել այս «վտանգավոր» աղբյուրների ցանկում, թեև 1922 թվականից ի վեր Բոստոնում լույս ընծայվող գրական-մշակութային ամսագիրը ինչպես գրականագետ Գուրգեն Վանանդեցուն, այնպես էլ Չարենցին կարող էր հետաքրքրել առավելապես իր գեղարվեստական բովանդակությամբ:

 

 

Գալով հասարակական գործիչ, պատմաբան Գրիգոր Չալխուշյանի (1861-1931) գրքին, հիշեցնենք, որ 1923 թվականին հրատարակված «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունն իրենից ներկայացնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառների վերլուծությունը: Այն ևս ընդգրկվել էր «անցանկալիների» շարքում, և եթե որևէ ընթերցող այնուամենայնիվ ցանկութուն էր հայտնում ծանոթանալ դրա բովանդակությանը, ապա նման ցանկությունն արդեն իսկ դիտվում էր զանցառում: (Ի դեպ, նկատենք մի հատկանշական հանգամանք, ինչը ևս անկարևոր չէ: Նամակում Վանանդեցու դեպքում օգտագործվում է «ընկեր» դիմելաձևը, մինչդեռ Չարենցի պարագայում՝ «քաղաքացի»-ն: Ամենայն հավանականությամբ, պատճառը կուսակցականությունն էր: Ինչպես հայտնի է, Չարենցին 1926-ի սեպտեմբերից հեռացրել էին կոմկուսի շարքերից):
Եվ այսքանից հետո դժվար չէր կռահել, որ նման ահազանգին պիտի անմիջապես հետևեր համաժեք արձագանքը' ուղեկցվելով «պատժիչ» գործողություններով: Վերը նշված գրության վրա Լուսժողկոմի տեղակալը մակագրում է՝ հանձնարարելով նկատողություն հայտարարել Վանանդեցուն ու միջոցներ ձեռք առնել գրականությունը Չարենցից վերցնելու և վերադարձնելու համար:

 

 

Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէր: Բանն այն է, որ Չարենցն այդ օրերին իսկապես Հայաստանում չէր: Նա մեկնել էր Մոսկվա: Փաստ է նաև, ահազանգից 20 օր անց արգելված գրականությունը դեռ գտնված ու վերադարձված չէր: Դա է վկայում մյուս գրությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«N611
4/4-29
Գաղտնի
Պետքաղվարչությանը
Հանրային գրադարանի հատուկ բաժինը հայտնում է, որ ընկ. Ա. Խանջյանի բանավոր կարգադրությամբ Ե. Չարենցին գրադարանից հանձնված է «Հայրենիք»-ի 7 N- ը, բացի այդ, նա ընկ. Վանանդեցուց ստացել է ևս «Հայրենիքի 6 N-ը և Չալխուշյանի «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» գիրքը, այսպիսով Չարենցի մոտ կա 14 կտոր գաղտնի գրականություն:

 

 


Խնդրում եմ ձեռք առնել միջոցներ նրանից ստանալու այդ գրքերը և հանձնելու հատուկ բաժնին: Լուսժողկոմի տեղակալ՝ Հ. Յաղուբյան
Գաղտնի բաժնի վարիչ Ա. Նիկողոսյան»:
Դժվար է ասել, թե ինչով ավարտվեց այս տհաճ միջադեպը: Պետք է կարծել, որ գրականությունն ի վերջո վերադարձվել է հանրային գրադարան: Սակայն հազիվ թե դա եղել է անհետևանք: Ամեն դեպքում, այս ողջ պատմությունն այնքան բնորոշ է Չարենցին: Գաղտնին և արգելվածը միշտ հրապուրում էին նրան…

 

 

039_zps599fd5a9

 

 

 

Հովիկ Չարխչյան