Մի քանի տարի առաջ Թուրքիայում սկսեց ակտիվորեն քննարկվել այն հարցը, թե Պոլսո Հայոց 82-րդ պատրիարք Շնորհք Գալուստյանը (1913-1990) եւ Թուրքիայի կրոնական հարցերի վարչության նախագահ (Թուրքիայի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ) Լյութֆի Դողանը խորթ եղբայրներ են: Նշվում էր, որ ապագա Շնորհք պատրիարքի մորը' Շուշան Գյուլթանեին, 1915թ. ցեղասպանության ժամանակ առեւանգում է մի մուսուլման թուրք, որից ունեցած երեխաներից մեկն էլ իբր թե 1970-ականներին դառնում է Թուրքիայի մուսուլմանների կրոնապետ:
Ինչպես նշում են բազմաթիվ աղբյուրներ, նրանց եղբայրներ լինելու մասին տասնամյակներ շարունակ խոսվել է պոլսահայ համայնքում, սակայն հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2005թ. սեպտեմբերին թուրքական «Յենի Աքթուել» հանդեսում հրատարակվեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր հետեւյալը. «Շնորհք պատրիարքը ինձ պատմել է, որ մորը (1915-ին) փախցրել են, իսկ ինքն ընկել է որբանոց։ Մայրն այնուհետեւ ամուսնացել է իրեն փախցրած մուսուլմանի հետ, որից երկու թե երեք երեխա է ունեցել, որոնցից մեկն էլ կրոնական հարցերի վարչության նախագահ Լյութֆի Դողանն է»:
Բեքչյանը հավելել է նաեւ, որ պատրիարքի մոր հուղարկավորության արարողությանը մասնակցել են նաեւ նրա մուսուլման երեխաները, այդ թվում եւ Լյութֆի Դողանը։ Այդ ժամանակ շատերն ասել են. «Ինչ սուրբ կին է եղել, երկու տղա ունի. մեկը քրիստոնյաների պատրիարքն է, մյուսը' մուսուլմանների»:
«Յենի Աքթուել»-ի այս նյութն արտատպվեց մի շարք թուրքական թերթերում' քննարկման գլխավոր նյութ դառնալով։ Արձագանքները երկար շարունակվեցին եւ, կարելի է ասել, լիովին չեն մարել անգամ ներկայումս: