Մանասե ընտանիքը սերում է Կեսարիայից։ Ապրել ու ստեղծագործել են Կ․ Պոլսում (XVII դ․ վերջ - 1920-ական թթ․): Օսմանյան իրականության մեջ առաջինը Մանասե տոհմի հայ նկարիչները զբաղվեցին հաստոցային գեղանկարչությամբ՝ նկարելով կտավի վրա։ Այս տոհմի տաղանդավոր ներկայացուցիչ Բարսեղը սուլթան Ահմեդ Գ-ի պալատական նկարիչն էր։ Պալատական նկարիչ էր նաեւ Չելեբի Մանասեն, որին կոչել են Լեւնի (1680-1732)։ Այս տաղանդավոր նկարչի գործերը գտնվում են Պոլսի Թոփքափը պալատի թանգարանում։
Բարսեղ Մանասեի որդին՝ Ռաֆայելը, մասնագիտացել է Իտալիայում եւ հիշատակվում է որպես խոշոր գեղանկարիչ ու ճարտարապետ։ Նա եղել է սուլթաններ Մահմուդ Ա-ի, Օսման Գ-ի եւ Մուստաֆա Գ-ի արքունի նկարիչը։
Հոր հետքերով է գնացել նաեւ Ռաֆայելի որդին՝ Մանասեն (XVIII դարի երկրորդ կես)։ Նա նույնպես եղել է պալատական նկարիչ։ Այնուհետեւ այս տոհմածառն ընդգրկում է տաղանդավոր դիվանագետների, նկարիչների ու թարգմանիչների։ Մանասեների ստեղծագործությունները հիմնականում պահվում են Կ․ Պոլսի թանգարաններում։
Նկարում՝
«Պարուհին», հեղինակ՝ Չելեբի Մանասե (Լեւնի), Կ․ Պոլիս, Թոփքափուի պալատական թանգարան