Երբ հայերը սկսեցին արագորեն հանգրվանել ֆեյսբուքում, շատերի մոտ աստիճանաբար գաղափար ծագեց և հույս առաջացավ, որ այս հզոր զենքը կարելի է օգտագիրծել ազգօգուտ զանազան նպատակների համար, սկսած իրազեկման, տեղեկատվական, քարոզչական նպատակներից, մինչև համախոհական ուժերի, նպատակային խմբերի ձևավորում, զանազան ծրագրերի համատեղ մշակում, հետագա գործողությունների կազմակերպում և իրագործում: Դարի այս հրաշքը կարծես հատուկ մեզ համար լիներ ստեղծված, քանի որ աշխարհով մեկ ցիր ու ցան եղած հայերը հնարավորություն ստացան մեկ ակնթարթում կապվել իրար հետ ու... բամբասանքից, մինչև հեղափոխություն...
Եղավ մի պահ, ոգևորությունը այնքան մեծացավ, որ նույնիսկ ազգային առաջնորդների ձևավորման ընտրություններ անցկացնելու առաջարկություններ եղան, քանի, որ մարդիկ կեղծ ընտրություններից, անօրեն իշխանություններից հիասթափված, հասկացան, որ սա այն դաշտն է, որտեղ ոչ ոք չի կարող մարդուն խանգարել ազատորեն արտահայտելու իր կամքը: Ավաղ, այդ բոլորը անցան երազի նման և պատահեց այն, ինչը պատահում է, երբ հայերը շատանում են ու «հավքվում» իրար գլխի: ՖԲ-ը դարձավ բազար ու «կաշը գնաց»...ռազբիրատներ, փոստեր, անեկդոտներ, կեր ու խում, վերջում քֆրտոց, իհարկե նաև վերջին մոհիկանների պես մնացած, թաք ու բիր՝ «ազգափրկիչներ»:
Եթե առաջ մարդակեր ռեժիմի վրա գազազած ժողովուրդը, թեկուզ տարերայնորեն դուրս էր գալիս փողոց, բողոքի որևէ ակցիա էր անում, ապա մարդիկ տեսնում էին իրար ոգևորվում, որ կարող են շատանալ, հզորանալ, կեղեքիչ իշխանություններին, զսպել, վախեցնել, նույնիսկ հեռացնել: Ամենուր խոսվում էր իշխանությունների ահ ու սարսափ՝ կրիտիկական զանգվածի ստեղծման մասին: Ավաղ, ստացվեց այնպես, որ այսօր «շնորհիվ» ՖԲ-ի, այդ նույն ժողովուրդը, նույն մարդիկ, իրենց զայրությունը թափելու նոր հնարավորություն ստացան: Էլ ի՜նչ փողոց, ի՜նչ հրապարակ, ի՜նչ պայքա՛ր, պայքա՛ր, նստում են ստեղնաշարի առաջ, զոր ու գիշեր մի կու՜շտ քրֆում ու անիծում: Դժբախտաբար, այն զենքը, որը ժամանակին մեծ հույսեր էր ներշնչում, ընդհուպ մինչև կազմակերպված դիմադրողական ուժի ձևավորման միջոց դառնալը, այսօր վերածվել է մարդկանց լիցքաթափման վերտուալ դաշտի: Ուզում էինք լավ բան անել, սակայն ստացվեց ինչպես միշտ: Ինչպես կեղծ ընդդիմությունն է շարունակ թսկացնում պայթելու պատրաստ ժողովրդի «փուքսը», ակամայից նույն դերը սկսեց կատարել հայկական ֆեյսբուքը:
Արմեն Զատիկյան