Շնորհավորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ղեկավարությանը, տարբեր տարիների շրջանավարտներին և ուսանողներին՝ բուհի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Յուրաքանչյուր հոբելյան նշանակալի իրադարձություն է՝ անցած ուղին վերաարժևորելու, իրական ձեռքբերումները բարձրաձայնելու և նոր հեռանկարներ նախանշելու համար:
Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին արվեստի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է:
Մեծ է եղել ուսումնական հաստատության ներդրումը հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ. բավական է ընդամենը նշել՝ Վավիկ Վարդանյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան, Մետաքսյա Սիմոնյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան ... Անուններ, որոնցից յուրաքանչյուրը ոչ թե սոսկ մարդկային ճակատագրեր են, այլ սերունդներ կրթած և հայ մշակույթի պատմության մեջ անջնջելի հետք թողած խորհրդանիշներ:
Բազմամյա ավանդույթներին հավատարիմ՝ այսօր ինստիտուտը շարունակում է պատրաստել մասնագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են արվեստի տարբեր ոլորտներում և իրենց աշխատանքով միջազգային հանրությանն են ներկայացնում հայ մարդու նկարագիրն ու ստեղծագործ մտքի թռիչքը: Այս ուսումնական հաստատությունում են խաչվում ավանդականն ու ժամանակակիցը, միջազգայինն ու ազգայինը, նորարարությունն ու պահպանողականը, ակադեմիականն ու փորձարարականը՝ հավաստելով մեր ժողովրդի՝ գեղեցիկն արարելու անսպառ ներուժը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Արմեն Աշոտյան