ՔՐԻՍՏԱՓՈՐ ԿԱՐԱ - ՄՈՒՐԶԱ
Արեւելահայ երգահանական դպրոցի հիմնադիրը

Հայե՛ր, գիտե՞ք որ արեւելահայ երգահանական դպրոցի հիմնադիրը հայ երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզան է (1853 թ․, Ղրիմ - 1902 թ․, Թիֆլիս)։

 

 

1882թ. նա Ղրիմից տեղափոխվեց Թիֆլիս, այստեղ կազմակերպեց քառաձայն երգչախումբ և տվեց հայկական բազմաձայն երգի առաջին համերգը։ Դա 1885թ. էր․․․ Երգչախումբն ուներ արական կազմ, բաղկացած էր 15 հոգուց և հանդես էր գալիս ազգային տարազով։ Համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։

Այսպես սկսվեց Կարա-Մուրզայի գործունեությունը, որը տևեց մինչև նրա կյանքի վերջը։ Յուրաքանչյուր քաղաքում ու գյուղում նա կազմակերպում էր քառաձայն երգչախումբ, պատրաստում խմբավարներ։ Ամբողջ կյանքում հավաքեց ու մշակեց ժողովրդական ու գուսանական երգեր։

 

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի սրբասացությունները Քրիստափոր Կարա-Մուրզան բազմաձայնել է 1886 թ. և մեկ տարի անց, առաջին անգամ, այն հնչել է Բաքվի Սբ. Գևորգ հայկական եկեղեցում: Ավելի քան մեկ տասնամյակ հայ եկեղեցիներում կատարել է իր մշակած պատարագը, թեեւ հոգևորականությունը չէր ցանկանում, որպեսզի քառաձայն երգեցողությունը մուտք գործի եկեղեցի:

 

Եւ միայն Մակար Եկմալյանի «Պատարագի» լույս ընծայումից ու եկեղեցու կողմից պաշտոնապես ընդունվելուց հետո՝ այդ արգելքը վերացավ: 1896-ին Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին հատուկ կոնդակով օրհնեց Եկմալյանին և կարգադրեց ամեն տեղ կատարել նրա մշակած պատարագը: Կարա-Մուրզան, ծանոթանալով Մ. Եկմալյանի «Պատարագի» հետ, հանձն առավ կատարել հենց այդ տարբերակը' այդ մշակումը համարելով Եկմալյանի ստեղծագործական գործունեության գագաթնակետը:

Ռ. Մելիքյանը գրել է․ «Կարա-Մուրզան ժամանակ չի ունեցել ո՛չ հիվանդանալու, ո՛չ սիրելու․․․ Նա ամբողջ կյանքն անմնացորդ նվիրել է իր ժողովրդին»։