1.«Սա լրիվ գիժ ա». ցավալիորեն տգեղ է, երբ առօրյայում «գիժ ա» պիտակավորումը տրվում է նյարդային բուռն էմոցիոնալ ռեակցիաների, կատաղության, անբացատրելի բարկության դեպքում: Ծայրահեղ աննրբանկատություն է գիժ անվանելն իրական հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունեցող մեծահասակներին ու երեխաներին, ովքեր ի վիճակի չեն պաշտպանելու սեփական արժանապատվությունը հասարակության նման անդամներից: Այս պիտակավորումը վիրավորում է նրանց հարազատների ու ծնողների զգացմունքները:

 


2.«Ես դեպրեսիայի մեջ եմ». սովորաբար այս արտահայտությունն արվում է առանց գիտակցելու, թե ինչ լուրջ երևույթի մասին է խոսքը: Դեպրեսիան հոգեկան խնդիր է՝ ի պատասխան սուր վախերի ու տագնապների, սթրեսային իրավիճակների: Դեպրեսիվ հոգեվիճակը հաճախ վերածվում է հոգեսոմատիկ խնդիրների, լրջորեն վնասում մարդուն, խաթարում նրա բնականոն կենցաղը: Դեպրեսիան հաղթահարվում է կամ հոգեբանի հետ երկարատև աշխատանքով, կամ դեղորայքային, այսինքն հոգեբուժական տարբերակով:



3.«Էդ երեխեն հոգեկան հիվանդ ա». կրկին աննրբանկատության ու պոլիտկոռեկտության խնդրի հետ գործ ունենք: Չի՛ կարելի ասել «հոգեկան հիվանդ ա», «հոգեկան ա», ինչպես նաև «հաշմանդամ ա», պոլիտկոռեկտ է ասել «հոգեկան խնդիր ունի», «հատուկ խնդրով երեխա է», «հաշմանդամություն ունի» և այլն: Հակառակ դեպքում դուք վիրավորում եք տվյալ մեծահասակի կամ երեխայի արժանապատվությունը:


4.«Ես հո հոգեկան/գիժ չեմ, որ գնամ հոգեբանի մոտ». իրականում,ամեն ինչ առավելագույնս հստակ է. հոգեբանի մոտ գնում են հոգեկան առումով բացառապես առողջ մարդիկ, ովքեր իրենց տանջող մտքեր կամ էմոցիաներ ունեն, իսկ հոգեկան հիվանդությամբ մարդկանց հետ աշխատում են հոգեբույժները:


5.«Ես եմ իմ հոգեբանը/իմ հոգեբանն իմ ընկերներն են». հոգեբանը մասնագիտություն է, այլ ոչ օդից տրված հմտություն կամ գիտելիք: Իհարկե, մակերեսային մակարդակով շատերն ունեն ունակություն լսելու, խորհուրդներ տալու, մխիթարելու կամ հանգստացնելու, բայց եթե տանջանքն ավելի լուրջ է, քան կենցաղային անհանգստությունը, դուք ինքներդ կամ ձեր ընկերները ձեզ կարող են նույնիսկ վնասել օգուտի փոխարեն, քանի որ պարզապես մասնագետ չեն:


6.«Ի՞նչ աուտիզմ, ի՞նչ հիպերակտիվ, ի՞նչ ուշադրության պակաս...էդ ամենը սուտ ա, երեխան կմեծանա, կանցնի, կխոսի». նման մոտեցումը պարզ անգիտությունից է ծագում: Ցանկալի է, որ ծնողները նվազագույն տեղեկություն ունենան այն մասին, թե ինչ ախտորոշումներ են, օրինակ, աուտիզմը, հիպերակտիվությունն ու ուշադրության պակասը(attention deficit disorder), որոնք են դրանց սիմպտոմները, գիտելիք ունենան, թե որ դեպքում է խոսքի ուշացումը վտանգավոր, որ դեպքում՝ ոչ այնքան: Իսկ դրա համար պետք է հետևողական լինել ու սթափ վերաբերվել հոգեբանական տերմիններին ու հաստատումներին: հեղ.Լ.Քոչարյան
Կիսվեք ընկերների հետ, եթե համակարծիք եք: