Ավետ Ավետիսյանին բանակ զորակոչեցին հայրենի Հավլաբարից։ Զորացրվելուց հետո տեղափոխվեց Բաքու, ուր ականատես եղավ թուրքերի կողմից քաղաքի հայության բնաջնջմանը։ 1918 թ․ սեպտեմբերն էր, երբ օսմանյան բանակը մտավ Բաքու․․․ Ամեն ինչ փոխվեց․․․ Հովհաննես Աբելյանն էլ այդ օրերին մահաշունչ քաղաքում էր եւ որոշել էր ժամ առաջ հեռանալ, բայց գումար չուներ։ Նա ծրագրում է բեմադրել Շիրվանզադեի «Չար ոգին», բայց Ոսկանի համար դերակատար չէր գտնում։ Պատահաբար հանդիպում է Ավետին, համոզում այդ դերը ստանձնել, եւ թատրոնից շատ հեռու ու թատրոնի մասին բնավ չմտածող երիտասարդը համաձայնվում է։

 

 

Այսպես Ավետ Ավետիսյանը հայտնվեց բեմում, այնուհետեւ ընդունեց Աբելյանի առաջարկը՝ Թիֆլիս տեղափոխվելու մասին։ Բաքվից Թիֆլիս հասնելն անչափ վտանգավոր էր, քանի որ ճանապարհները վերահսկվում էին, հայերը՝ թալանվում, ծաղրուծանակի ենթարկվում ու խոշտանգվում։ Ադրբեջանցի զինվորականները Եվլախ կայարանում կանգնեցնում են գնացքը, բոլորին իջեցնում եւ սկսում խուզարկել։ Հովհաննես Աբելյանը, ով անգլերեն չգիտեր, Ավետի հետ սկսում է «անգլերեն խոսել»։ Իրականում հաղորդակցվում էին հայերենով՝ յուրօրինակ շեշտադրությամբ ու ելեւեջներով, աղավաղված ու ծռմռված բառերով եւ մեկ-երկու անգլերեն բառերի խառնուրդով՝ OK!, Yes!... Այսքանն էլ բավական էր, որ «Ինգլիզ» բառն անցնի շուրթից-շուրթ եւ ադրբեջանցի ասկյարները կրկին գնացք ուղեկցեն «եւրոպացի հյուրերին»․․․