Պատմությունն ավանդում է, որ Հայոց Արևելից կողմանց Վաչագան Բարեպաշտ Արշակունի (484-VI դարի առաջին քառորդ) թագավորը Կասպք-Փայտակարան նահանգի Բագավան գավառը 500 թ. իբրև օժիտ տվել է դստերը' Վարսենիկին․ Բաքուն արքայադստեր ձմեռանոցն էր, իսկ ամառանոցը' Շամախին (Հանրամատչելի հանրագիտական բառարան, հ. Ա, կազմեց' Հ. Առաքելեան, Թիֆլիս, 1915, էջ 199): Ինչպես գրում է Ս. Էփրիկյանը՝ «Այս կրակոտ երկիրը, Քրիստոսի 500 թուին Աղուանից Վաչագան
թագաւորը, որ կը նստէր Պարտաւ քաղաքը, օժիտ տուեր էր իւր Վարսենիկ դստեր, որոյ ձմերոցը Բագուն էր, իսկ ամարանոցը Շամախին» (Էփրիկեան Ս., Պատկերազարդ Բնաշխարհիկ բառարան, հ. Ա, գիրք Ա, Վենետիկ, Ս. Ղազար, 1903-1905, էջ 362): Ավանդության համաձայն' Բաքվում եղել է կրակի և ծովի աստվածների բագինը (տե՛ս Բունիաթ Բունիաթյան, Կրակապաշտների տաճարը Սուրախանիում, Ե., 1926, էջ 3-4): Եղիշա առաքյալը Աղվանից աշխարհ գալով' կործանել է այն և տեղը կանգնեցրել Քրիստոսի խաչը: Մեսրոպ Մաշտոցը այդտեղ մատուռ է շինել, իսկ Վաչագան Բ Բարեպաշտը 500 թ. մատուռի տեղում կառուցել է եկեղեցի. «Իսկ Վաչագան Բարեպաշտ թագաւորն Աղուանից յամի Տեառն 500 շինեց եկեղեցի, ըստ այսմ և Բագուայ հին և նշանաւոր եկեղեցին…» (Սմբատեանց Մ., Նկարագիր Սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուխտատեղեաց եւս եւ քաղաքացն եւ գիւղօրէից որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 373)։

 

Լուսանկարում՝
Ներկայումս պահեստի վերածված Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

 

Կից նյութն՝ այստեղ