Թուրք-գերմանական խոշորագույն ռազմական համատեղ նածագիծը կրկին վտանգի տակ է հայտնվել' այս անգամ քաղաքական պատճառներով: Գերմանական «Howaldtswerke-Deutsche Werft» ընկերության հետ համատեղ իրականացվող Թուրքիայի ռազմական նավատորմի համալրման խոշորագույն նախագծի հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք ունեն քաղաքական դրդապատճառներ: Որոշ գերմանական ու թուրքական լրատվամիջոցներ դրա հիմքում տեսնում են Թուրքիայի և Գերմանիայի միջև սկիզբ առած գաղտնալսումների սկանդալը, երբ պարզվեց, որ 2009 թ-ից սկսած Գերմանիան գաղտնասլումներ է իրականացրել Թուրքիայում: Չնայած նշվում է, որ նախագծի հետ կապված խնդիրները տեխնիկական են, ինչի շուրջ բանակցություններ են անցկացվում:
Թուրքիան 2009 թ. գերմանական ընկերության հետ ստորագրել էր 3.5 մլրդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագիր' թուրքական նավատորմի համար 6 «U-214» տիպի սուզանավերի արտադրության վերաբերյալ: Արտադրությունն սկսել է 2011 թ-ին, որն իրականացվում է թուրքական նավաշինական ու ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների ու ընկերությունների կողմից: Նախատեսված էր, որ 2015 թ. թուրքական նավատորմին է հանձնվելու առաջին սուզանավը, սակայն տարբեր պատճառներով նախագծում հաճախակի ի հայտ եկող խնդիրները հուշում են, որ դեռ այդ նախագիծը երկար ընթացք է ունենալու նախատեսված ժամկետների համեմատ:
Լևոն Հովսեփյան