Ժողովրդի տականքը ժողովրդին քարշ էր տալիս իր հետեւից... Ղարաքիլիսան երբեք հաջողություն չունեցավ պաշտոնյաների ընտրության մեջ. միշտ անարժան, միշտ անընդունակ, բայց խորամանկ մարդիկ: Հսկողություն, պատասխանատվություն գոյություն չուներ, կամ ձեւական միայն: Ժողովուրդը միշտ դժգոհ, միշտ անբավական, միշտ աղաղակող, սակայն միշտ էլ ներողամիտ էր. հազարներ կլանող պաշտոնյան երբեք չտեսանք մեղադրյալի աթոռին նստած: Այդ այն շրջանն էր, երբ տանուտերը ռոճիկ չէր ստանում, սակայն ընտրվելու համար միմյանց գլուխ էին պատռում: Հասկանալի է, թե ինչու...

 

 

Անցյալ տարի դիպլոմավոր քննիչներից մեկը եկավ, հարյուր հազարներ կողոպտելով անհայտացավ: Եւ որքան են կաշառակեր պաշտոնյաներ, դատավորներ, որոնք սովալլուկ գայլերի նման հոշոտում, պատառոտում են, քամում են նորակազմ հանրապետության վերջին կաթիլը: Եւ որպիսի՜ սոսկալի զեղծումներ են կատարում Հայաստանի երկնակամարի տակ զանազան խայտաբղետ լիազորներ, որբանոցների, պահեստների կառավարիչներ, նկարագրել անհնար է:

 

 

Երեկ շապիկ չուներ, այսօր միլիոնների հետ է խաղում, եւ անգլիական լորդի նման ապրում են ի հաշիվ թշվառ գաղթականների, անտերունչ որբերի... Իսկ կառավարությունը մատների արանքով է նայում այս կործանիչ երեւույթի վրա: Աչքներս ջուր կտրեց սպասելով. ո՛չ մի զեղծարար, ո՛չ մի թալանչի, ո՛չ մի ավազակ, ո՛չ մի կաշառակեր պաշտոնյա մինչեւ այսօր իր արժանի պատիժը չի կրել, այնինչ նրանք լեգեոն են կազմում: Ահա թե ինչպես ենք պաշտպանում մեր մանուկ պետության շահերը: Հերկուլեսյան ուժ է հարկավոր ավգյան ախոռը մաքրելու համար...

 

 

Խորեն ավագ քահանա Խանզադյան
«Հուշեր եւ տպավորություններ 1919 թ.»
Մեծ Ղարաքիլիսա - Վանաձոր