Եգիպտաթուրքական հակամարտությունը հռետորաբանությունից, քաղաքականից, դիվանագիտականից տեղափոխվում է նաև տնտեսական հարթություն: Այսպես, եգիպտական իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ առևտրական համաձայանգրից հրաժարվելու մասին, ըստ որի՝ թուրքական բեռնատարները դեպի Պարսից ծոցի երկրներ անցնելու համար, որպես տրանզիտային ուղի, օգտվում էին եգիպտական Ալեքսանդրիա նավահանգստից:

 

 

Թեպետ պաշտոնական Կահիրեն համաձայնությունից հրաժարվելու հանգամանքը հինավորում է դրա՝ «տնտեսապես ոչ ձեռնտու լինելու» պատճառաբանությամբ, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ նման որոշումն իր հիմքում քաղաքական ենթատեքստ ունի, և դրա նապատակը թուրքական իշխող վարչակարգին՝ հանձին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վնաս հասցնելու ցանկությունն է:

 


Մինչ այս, ըստ համաձայնագրի, թուրքական բեռնատարները ծովով հասնում էին մինչև Ալեքսանդրիա, այստեղից ցամաքով՝ դեպի Կարմիր ծովի եգիպտական նավահանգիստներ, որտեղից էլ դարձյալ ծովով՝ Արաբական թերակղզի:

 

 


Ստեղծված իրավիճակում, թուրքական կողմի համար որպես իրական այլընտրանք է դիտարկվում իսրայելական նավահանգիստների տարբերակը, որտեղից էլ Հորդանանի տարածքով բեռնատարները կհասնեն Ծոցի երկրներ: Մինչդեռ այս պարագայում ևս համաձայնության ձեռքբերումը հարցականի տակ է՝ դարձյալ պայմանավորված թուրքական իշխանությունների հետ արդեն պաշտոնական Թել Ավիվի ունեցած ոչ այնքան հարթ հարաբերություններով:

 

 

 

 

Արմեն Պետրոսյան