ՀԵՆՐԻԽ ՇԼԻՄԱՆ
«Ես կգտնեմ Տրոյան»...
Ամեն ինչ այսպես սկսվեց. գերմանական Միկլենբուրգ երկրամասի լեռնային բարձրադիր գյուղի գերեզմանոցի տապանաքարերից մեկի մոտ կանգնած էր մի փոքրիկ տղա: Այդ տապանաքարի տակ թաղված էր չարագործ Հեննիգը: Պատմում էին, որ նա ողջ-ողջ այրել է մի հովվի, իսկ հետո հարվածել ածխացած դիակին: Գյուղացիները հավատում էին, որ ամեն տարի չարագործի ոտքը դուրս է ցցվում գերեզմանից:
Փոքրիկ Հենրիխը հաճախ էր լինում այստեղ. գալիս էր, ժամերով կանգնում եւ սպասում, բայց ոտքը չէր հայտնվում: Մի օր էլ հորը խնդրեց փորել գերեզմանը, որպեսզի պարզի, թե ուր է չքվել Հեննիգի ոտքը...
Գյուղում պատմում էին նաեւ, որ մոտակա բլուրներից մեկում թաղված է ոսկե օրորոց: Մի անգամ էլ ասաց հորը՝ ամբողջ կարողությունը վատնած քահանային. «Լսի՛ր, դու փող չունես: Ապա ինչու՞ չգտնենք ու չհանենք օրորոցը»: Հայրը որդուն պատմում էր հեքիաթներ ու առասպելներ: Յոթ տարեկան էր Հենրիխը, երբ 1829-ի ծննդյան տոներին հայրը նվիրեց Էռերի «Համաշխարհային պատմություն երեխաների համար» պատկերազարդ գիրքը: Գրքի նկարներից մեկում պատկերված էր բոցավառվող Տրոյան: «Այդպիսի՞ն էր Տրոյան»,_ հարցրեց հորը: Հայրը գլխի շարժումով դրական պատասխան տվեց: «Եւ այդ ամենը ավերվել է ու ոչ-ոք չգիտե՞, թե որտեղ է գտնվել այդ քաղաքը»: «Իհարկե,_պատասխանեց հայրը,_քաղաքի գտնվելու վայրը որեւէ մեկը ստույգ չգիտի»: «Հրաշալի՜ է... Երբ մեծանամ, ե'ս կգտնեմ Տրոյան եւ թագավորի գանձերը»,_ բացականչեց տղան: Հայրը ծիծաղեց:
«Նախ՝ կհարստանա՛մ, ապա՝ կգտնե՛մ»,_ հաստատեց Հենրիխը...
Տասնչորս տարեկան հասակում Շլիմանը թողնում է դպրոցը եւ ավելի քան հինգ տարի աշխատում Ֆյուրստենբերգի կրպակներից մեկում: Նրա հետագա կյանքը նման է արկածային վեպի: 1841 թ. մեկնում է Համբուրգ եւ որպես յունգ /կրտսեր նավաստի/ աշխատանքի անցնում Վենեսուելա ուղեւորվող նավում: Նավն ընկնում է փոթորկի մեջ ու խորտակվում: Շլիմանը հազիվ է փրկվում: Ապաքինվելուց հետո նրան հաջողվում է աշխատանքի անցնել Ամստերդամի գրասենյակներից մեկում: Իր ցուրտ ձեռնահարկում լրջորեն ձեռնամուխ է լինում լեզուների ուսումնասիրությանը: Կիրառելով իր ստեղծած մեթոդը՝ երկուեւկես տարում տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, հոլանդերեն, իսպաներեն, պորտուգալերերն եւ իտալերեն լեզուներին: Այնուհետ յուրաքանչյուր նոր լեզվի իմացությունը նրանից խլում է ընդամենը վեց շաբաթ:
Ուսման մեջ նրա հաջողություններին ուղեկցում են նաեւ հաջողությունները գործում: Ռուսերեն լեզվին տիրապետելով՝ շփման մեջ է մտնում Ամստերդամի ռուս առեւտրականների հետ: 1847-ին քսանհինգամյա Շլիմանը Պետերբուրգում սեփական առեւտրական գրասենյակն է հիմնում: Թեեւ շատ էր ճանապարհորդում եւ ժամանակի զգալի մասը հատկացնում առեւտրական գործերին, սակայն շարունակում էր ուսումնասիրել նոր լեզուներ: Երեք ամսում սովորում է շվեդերեն ու լեհերեն, ապա՝ նոր ու հին հունարեն: «Ես Պլատոնին ուսումնասիրում եմ այն հաշվով, որ եթե առաջիկա վեց շաբաթում նա ինձնից նամակ ստանա՝ կարողանա այն հասկանալ»:
Նա Ռուսաստանում դառնում է «պատվավոր քաղաքացի», Սանկտ Պետերբուրգի առեւտրական պալատի դատավոր, կայսերական պետական բանկի տնօրեն: Ուներ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն: 1868 թ., 44 տարեկան հասակում, հեռանում է առեւտրական գործերից, թողնում բոլոր պաշտոնները եւ նվիրվում գիտությանը: Դեռ յոթ տարեկանում հորը խոստացել էր, որ կգտնի Տրոյան: Երազանքն իրականացնելու համար Շլիմանն ուղեւորվում է Հունաստան: