Պողոս Արապյանը (Հովհաննիսյան, Արապօղլու) ծնվել է 1742 թ. Ակնից ոչ հեռու գտնվող Ապուջեխ գյուղում՝ տպագրիչ Հովհաննես Ասատուրյանի ընտանիքում։ Շուտով ընտանիքը տեղափոխվում է Կ․ Պոլիս։ Այստեղ զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները, Արապյանը ձեռնարկում է թուրքական ու վրացական առաջին տառաձուլվածքների ստեղծման գործը՝ հիմք դնելով թուրքական ու վրացական տպագրությանը:

1770-ական թվականներին Պողոս Արապեանի' որպես հմուտ գրաձուլիչի համբավն այնքան էր տարածվել, որ վրաց արքա Հերակլ 2-րդը 1781 թ. վերջինիս հրավիրում է Թիֆլիս, ուր հայորդին ձեռնամուխ է լինում վրացերեն տպագիր նոր տառատեսակների ստեղծման և տպարանի հիմնադրման գործին:

Արապյանն անգնահատելի ծառայություն է մատուցել նաև Օսմանյան կայսրությանը' 1791թ. ստեղծելով թուրքերեն նէսիհ և թալիք գրերը, որոնք հետագայում անվանեցին «Արապօղլու»: Մահմուդը 2-րդը, լսելով Արապյանի տպագրատան մասին, որոշում է անձամբ այցելել այնտեղ: Սուլթանն ի երախտագիտություն երկրին մատուցած ծառայությունների՝ 1816թ. Արապյանին նշանակում է Արքունի տպարանի տեսուչ: Այդ հրովարտակի համաձայն, Պողոս Արապյանը և նրա չորս որդիներն ազատվում էին բոլոր հարկերից ու տուրքերից, նրանց շնորհվում էր հատուկ կարգավիճակ, որից մինչ այդ օգտվում էին Կ. Պոլսի միայն երեք հայ ընտանիքներ' Տուզյանները, Պալյաններն ու Տատյանները:

 

 

Ժամանակի սովորության համաձայն յուրաքանչյուր արհեստավոր իր գլխարկի վրա պարտավոր էր կրել իր արհեստը խորհրդանշող փոքրիկ նշան: Արապյանն առաջինն ու միակն էր, ով գլխարկի վրա կրեց սուլթան Մահմուդ 2-րդի շնորհած տպագրական մամլիչ պատկերող «Մամուլ-Նշանը»:

1831 թ. նոյեմբերի 11-ին Արապյանն արքունի տպարանում հրատարակում է Օսմանյան կայսրությունում առաջին պաշտոնական թերթը' «Թաքվիմ-ի վեքային» եւ «Յայտարար լրոյ Մեծի Տերութեանն Օսմանեան» անունով նրա հայերեն տարբերակը:

 

 

 

Անգնահատելի է Պողոս Արապեանի մատուցած ծառայությունները հայ տպագրության գործում: Նրա տպարանում տպագրվել են տասնյակ արժեքավոր հայագիտական աշխատություններ։ Հայորդին մահացել է 95 տարեկան հասակում և թաղվել Օրթաքյոյի գերեզմանատանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝
Պողոս Արապեանին սուլթան Մահմուդ 2-րդի կողմից շնորհված «Մամուլ-Նշանը»