ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը ասել է.


«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար»:


Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները: Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին: Այդ համատեքստում ևս մեկ անգամ կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար:

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:

 

Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

 

 

Դավիթ Պետրոսյան