Լավ ու նորմալ սահմանադրական փոփոխությունների կարելի է գնալ միայն ու միայն մի պարագայում, երբ ունես օրինակարգ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Դա գուցե նույնիսկ բավարար պայման չէ, բայց անհրաժեշտ պայման է: Պետք է խոստովանեմ, որ անգամ ուշադիր չեմ ուսումնասիրել առաջարկվող փոփոխությունները: Բացառված չէ, որ շատ դրույթների հետ նույնիսկ համաձայնեի:Չեմ հետևում քննարկումներին, չեմ հետևում առաջարկվող փոփոխություններին: Ընդհանուր գծերով գիտեմ, որ քննարկվող թեմաներից մեկը պառլամենտական համակարգի անցումն է:

 

Այո, գուցե մի օր կգա պառլամենտական համակարգի անցման ժամանակը, բայց դա կարող է գալ միայն ու միայն երկրում օրինակարգ իշխանություն ձևավորելուց, ժողովրդական ու ազատ, թափանցիկ ընտրությունների իրավունքը նվաճելուց հետո:Ես գիտեմ, որ կառավարման ցանկացած մոդել ունի դրական ու բացասական կողմեր, ու կառավարման ցանկացած մոդելով կարելի է կառուցել լավ երկիր, եթե հարգվի օրենքը, եթե գործի սահմանադրությունը: Առկա իրավիճակում, երբ օրենքը չի հարգվում իսկ սահմանադրությունը չի գործում, երբ կա մի խումբ, ով իշխում է՝ օրենքից դուրս սկզբունքով, բոլորովին էական չի, թե կառավարման որ մոդելն է գործելու: Էական փոփոխություն նման իրավիճակում սպասելը միամտություն է: Ու հետևաբար նաև միամտություն է հիմա լրջորեն նստել ու քննարկելը առաջարկվող փոփոխված սահմանադրությունը, մասնավորապես կառավարման մոդելը:

 


Կա ավելի արդիական ու կարևոր խնդիր: Անել այնպես, որ գործող սահմանադրությունը գործի: Դա անելուց հետո կարելի է մտածել այն բարեփոխելու մասին:Կան լուծելու առաջնահերթ այլ խնդիրներ, մասնավորապես երկրում իշխանության լեգիտիմ ձևավորմանն ուղղված պայքարին է պետք մասնակցել :Բոլորս հավաքվում ենք Հոկտեմբերի 24-ին Ազատության Հրապարակում տեր կանգնելու մեր իրավունքներին:

 

 

Սևան Աղաջանյան