1878 թվականին Էդվարդ Մայբրիջը բազմաթիվ տեսախցիկների միջոցով նկարահանեց «Օցիդենտ» մականվամբ ձիուն վազելիս։

1888 թվականին ռեժիսոր Լուի Լեպրենսը նկարահանեց պատմության մեջ առաջին ժապավենային, պատումային, երկու րոպե տևողությամբ շարժանկարը՝ «Տեսարան Ռոունդհեյ այգում»։ Նույն թվին Լեպրենսը նկարահանեց նաեւ «Տրանսպորտի երթևեկությունը Լիդս կամրջի վրա» շարժանկարը։

Առաջին հրապարակային վճարովի սեանսը կայացել է 1895 թվականի դեկտեմբերի 28-ին, Փարիզում։ Ցուցադրման ժամանակ հանդիսատեսը դիտել է 10 շարժանկար։ Ամբողջ դիտումը տեւել է ընդամենը 20 րոպե։

20-րդ դարասկզբին կինոցուցադրումներն ամբողջովին անձայն չէին՝ սովորաբար դրանք ուղեկցվում էին դաշնամուրի նվագակցությամբ։ 1920-ական թվականներին ԱՄՆ-ում, Գերմանիայում և ԽՍՀՄ-ում ստեղծվեցին ձայնային ֆիլմերի լայն օգտագործման համակարգեր։ Կինովարձույթ մտած առաջին շարժանկարը «Ջազի երգիչն» էր (The Jazz Singer, 1927)։

Հայաստանում առաջին կինոնկարահանումներն արվել են 1911–1914 թվականներին։ 1910 թ․ դեկտեմբերին Էջմիածին է ժամանում կինոօպերատոր Ա․ Դիգմելովը՝ ժապավենին հանձնելու Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ի թաղման արարողությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–1918) ժամանակ, Կովկասյան ռազմաճակատում, կատարվել են բազմաթիվ փաստագրական կինոնկարահանումներ։

 

 

 

Հայկական կինոյի առաջնեկը «Խորհրդային Հայաստան» (1924թ․) փաստագրական կինոնկարն է։

1925-ի գարնանը էկրան բարձրացավ Համո Բեկնազարյանի «Նամուսը», որն ազդարարեց հայկական գեղարվեստական կինոնկարի ծնունդը։ 1932-ին էկրան բարձրացավ Ա․ Մարտիրոսյանի «Գիքորը», որը վերջին համր ֆիլմն էր հայ կինոյի պատմության մեջ։

 

 

1935 թ․ ծնվեց հայ առաջին հնչյունային գեղարվեստական կինոնկարը՝ «Պեպոն» (սցենարի հեղինակ եւ ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան)։ Այս ֆիլմում առաջին անգամ հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը, իսկ երգի խոսքը գրել էր Եղիշե Չարենցը։ Կինոնկարի հաջողությանը, փայլուն ռեժիսորական աշխատանքից բացի, նպաստում է նաեւ հայ դերասանների փայլուն խաղը (Հ․ Ներսիսյան, Ա․ Ավետիսյան, Հ․ Խաչանյան, Դ․ Մալյան, Հասմիկ, Տ․ Մախմուրյան)։