Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությանը, որի շուրջ ավելի վաղ համաձայնության էին եկել տոնավաճառների առեւտրականներն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը սա բացատրում է նրանով, որ առեւտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը եւ տեղեկություն ներկայացնել հարկային մարմին: Նոր որոշմամբ, մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերած ապրան¬քային մնացորդի գույքագրման եւ դրա մասին հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կհետաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը: Այդ ընթացքում ֆինանսների նախարարությունը 20 օրյա ժամկետում գույքագրման ձեւանմուշը հնարավորինս կպարզեցնի եւ տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերման վերաբերյալ ուսուցողական դասընթացներ կանցկացնի: Ներկայացնելով այս փոփոխությունը, երեկ, կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց, որ կառավարությունն ընդառաջ քայլ է կատարել փոքր եւ միջին ձեռնարկատերերին, որոնք դժվարություններ կունենային իրենց ապրանքնային մնացորդի վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ հայտնելիս: Միեւնույն ժամանակ, փոխնախարարը փաստեց, որ օրենքը չի կասեցվել, այն շարունակվելու է գործել, 3,5 տոկոս հարկի փոխարեն առեւտրականները վճարելու են 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ փաստաթղթավորման պահանջը պահպանվում է:
Անահիտ Գրիգորյան