«Շրջանառության հարկի մասին» օրենքում կկատարվի փոփոխություն, որն առնչվում է օրենքի անցումային դրույթներին:Մինչեւ հոկտեմբերի 1-ը ձեռք բերած ապրանքային մնացորդի գույքագրման եւ դրա մասին հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կհետաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:


Այս փոփոխությունը կարելի է գնահատել վարչապետի կողմից առեւտրականերին ընդառաջ կատարված քայլ, որը կկանխի այն տեխնիկական դժվարություններն ու դժգոհությունները, որ կարող էին առաջանալ գույքագրման մասին տեղեկանքի ներկայացման ժամանակ: Դա չի նշանակում պարտադիր փաստաթղթավորման պահանջի վերանայում: Պահանջը պահպանվում է, բայց այս փոփոխության ընդունմամբ մինչեւ փետրվարի 1-ը ապրանքային մնացորդի առկայության ստուգումներ հարկային մարմինը չի իրականացնի, չնայած կոնկրետ ապրանքների մատակարարման մասին փաստաթղթերը կարող է պահանջել:Այս փոփոխությամբ պահպանվում է շրջանառության հարկի նոր, ավելի ցածր' 1 տոկոս դրույքաչափը նախկին 3,5 տոկոսի փոխարեն:


Շատ է խոսվել մանրածախ առեւտականների հանդեպ կիրառվելիք պատժամիջոցների մասին ապրանքի դիմաց փաստաթուղթ չունենալու դեպքում: Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը սուբյեկտը նախ կնախազգուշացվի, երկրորդ խախտման դեպքում' կտուգանվի 20 հազար դրամով, երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում:


2016-ի հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, նախազգուշացումն ու տուգանքը կհանվեն, տնտեսվարողն առաջին խախտման դեպքում կվճարի ավելի բարձր' 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ երկրորդ խախտման դեպքում' կհայտնվի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում:


Եթե խոշոր ընկերությունները չտրամադրեն փաստաթուղթ մատակարարված ապրանքի համար, ապա առաջին անգամ նման խախտում կատարելու դեպքում կտուգանվեն այդ փաստաթղթում նշված ամբողջ ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, երկրորդ անգամ՝ 100 տոկոսի, երրորդ անգամ՝ 200 տոկոսի չափով:

 

 

Դավիթ Պետրոսյան