Երեւի հիշում եք, թե ամիսներ առաջ ինչպիսի կրքեր էին բորբոքվել ՀՀ Ազգային ժողովում' արտասահմանյան պատվիրակությունների ձեւավորման եւ գայթակղիչ գործուղումների մեկնման շուրջ: Հիմա է պարզ դառնում, որ պատվիրակություններ ձեւավորողների մտքով երբեւիցէ չի անցնում, թե միջազգային հարաբերությունների ոլորտից պատկերացում անգամ չունեցող պատգամավորներն ինչ խնդիրներ պիտի փորձեն լուծել այդ ատյաններում, ինչպես պիտի իրենց համեստ կարողություններով /իհարկե' մտավոր/ դիմագրավեն թուրք-ադրբեջանական լոբբիստական ահագնացող գործողություններին: Եւ ահա արդյունքը. Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը . «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր»:
Հայաստանյան պատվիրակության անդամները չկարողացան ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ոչ միայն կանխել, այլև գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձևի ընդունումը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մեր պատվիրակության ղեկավար Հեղինե Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եվրոպական խորհրդարականների եւ հայաստանյան պատվիրակության «ջանքերի» շնորհիվ հիմա էլ դարձավ Ադրբեջանի օկուպացված տարածք, իսկ մենք' արցախցիներս էլ' օկուպանտներ:
Որտե՞ղ կլինի մեր հաջորդ կանգառը, Եվրոպաներում ճամփորդող հարգարժան պատգամավորներ:
Գարիիկ Գրիգորյան