Կառավարությունը վերջին նիստում որոշում կայացրեց «Ռուսալ Արմենալ» փայլաթիթեղի գործարանին տրամադրել զգալի հարկային արտոնություններ: Ընկերությունը նախատեսում է շուրջ 513,4 մլն դրամի ներդրում իրականացնել և ներկրել վառարան ու էլեկտրոստատիկ պատման համակարգ, որոնց նկատմամբ նախատեսված մաքսատուրքի գանձումը ՀՀ կառավարությունը հետաձգեց 3 տարով:
«Ռուսալ Արմենալի» կողմից արտադրվող ալյումինի փայլաթիթեղի թողարկման ծավալները վերջին հնգամյակում ունեցել են կայուն նշանակալի աճ: Հինգ տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի փայլաթիթեղի արտադրությունն ավելացել է տարեկան միջինը 3 220 տոննայով և 2013թ-ին կազմել է 27 700 տոննա (2008թ-ին արտադրվում էր ընդամենը 11 694 տոննա):
Աճի նման դինամիկան խոսում է այն մասին, որ «Ռուսալ Արմենալի» թողարկած արտադրանքը երկրից դուրս կայուն պահանջարկ ունի: Այս մասին են վկայում նաև Հայաստանից ալյումինե փայլաթիթեղի արտահանման կայուն ծավալները, որոնք 2013թ-ին կազմել են ավելի քան 80 մլն դոլար: Նշենք նաև, որ ալյումինե ապրանքներին բաժին է ընկնում Հայաստանից ԱՄՆ արտահանման առյուծի բաժինը' 85%-ից ավելին (2013թ-ին դեպի ԱՄՆ արտահանումը կազմել է 89 մլրդ դոլար, որից ալյումինը' 76,4 մլն դոլար):
Այս ծրագրի ընթացքում ընկերությունը Լեհաստանից կներմուծի փայլաթիթեղի այրման վառարան, իսկ Բրիտանիայից' էլեկտրոստատիկ պատման համակարգ, ինչի արդյունքում գործարանում կստեղծվի ևս 35 նոր աշխատատեղ և կթողարկվի 5600 տոննա հավելյալ արտադրանք:
Խաչատրյան Ժոռա